03/02/2022 17:06
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է «Շուշիի հռչակագիրը»
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը» վավերացնելու առաջարկը, yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է TRT Haber-ը։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին և առաջնորդվում ենք «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Սա օրինակ է շատ երկրների համար»,- պատգամավորների հետ զրույցում ասել է Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը:
Քըրանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ մի շարք պայմանագրեր են ստորագրվել ռազմական և այլ ոլորտներում, ընդլայնվել է համատեղ զորավարժությունների շրջանակը։
«Մենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները համարում ենք պատմական պատասխանատվություն»,- հավելել է նա։
Հիշեցնենք՝ երեքշաբթի Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է «Շուշիի հռչակագիրը»։ Փաստաթուղթը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից՝ Շուշի քաղաքում։
Ադրբեջանը և Թուրքիան, համաձայն հռչակագրի, պայմանավորվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերել կողմերից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների դեպքում։
Հռչակագրի կետերից մեկով՝ Բաքուն և Անկարան կշարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինված ուժերը ժամանակակից պահանջներին համապատասխան արդիականացնելու ուղղությամբ։