04/02/2022 16:57
Միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը պատասխանատվություն կրի իր կայացրած ապօրինի դատական ակտի համար․ Արմեն Չարչյանը 5 ամիս գտնվել է ապօրինի կալանքի տակ․ փաստաբան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը, մեղադրող դատախազը չի ներկայացել նիստին, լրագրողներին հայտնել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նա նշել է, որ հաջորդ նիստին արդեն կսկսվի բուն դատաքննության փուլը։
Փաստաբան Ալեքսանյանը հայտնել է նաև, որ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշումները կայացնողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ պաշտպանական կողմքը քայլեր է ձեռնարկում, քանի որ հայտնի է՝ Չարչյանի կալանքն անհամատեղի է եղել նրա առողջական վիճակի հետ, դա հիմնավորված է բժշկական փաստաթղթերով։
«Դեռևս 2021 թվականի օգոստոսին, երբ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Չարչյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ, մենք դատական նիստի ժամանակ ասում էինք, որ բացի անձեռնմխելիության հանգամանքից, այն հիվանդությունը, որն ունի պարոն Չարչյանը, առերևույթ վկայում է այն մասին, որ համապատասխանում է կառավարության որոշմանը՝ հիվանդությունների ցանկին, որոնք անհամատեղելի են կալանավորման հետ։ Ասում էինք, որ չի կարող կալանավորվել Արմեն Չարչյանը։ Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մեր փաստարկը համարեց անհիմն, չընդունեց, սակայն իրական կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, իրենք բոլորը՝ սխալ»,- ասել է Էրիկ Ալեքսանյանը ։
Նա հավելեց, որ հաջորդ նիստին կհրապարակվի փորձաքննության եզրակացությունը, իրենք համապատասխան հայտարարություն կանեն։
«Ինչ վերաբերում է պատասխանատվության հարցին, կոնկրետ Ռուբիկ Մխիթարյանի մասով այն ժամանակ էլ եմ նշել, հիմա էլ նշում եմ՝ միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի նա պատասխանատվություն կրի իր կայացրած ապօրինի դատական ակտի համար, քանի որ Արմեն Չարչյանը 5 ամիս գտնվել է ապօրինի կալանքի տակ»,- ընդգծել է փաստաբանը։