04/02/2022 17:17
Պատերազմի հետևանքով կորցրել ենք անտառների գրեթե 50 տոկոսը․ անտառների վերականգնման ուղղությամբ որոշակի քայլեր արվել են․ Արցախի ՏԿԵ նախարար
Պատերազմի հետևանքով կորցրել ենք անտառների գրեթե 50 տոկոսը: Անտառների վերականգնման ուղղությամբ որոշակի քայլեր արվել են, ասուլիսի ժամանակ ասել է ԱՀրցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:
Ինչպես հայտնում է «Արցախպրեսը», Խանումյանը նշել է, որ ընթացիկ տարում արգելվել է վառելափայտի արտահանումը, ինչը հնարավորություն է տվել որոշակիորեն զսպել նաև անտառահատումը:
«Եթե 2020թ. տրամադրվել է 77.194 խորանարդ մետր վառելափայտ, որից արտահանվել է 10.300-ը, ապա 2021թ. տրամադրվել է 32.000 խորանարդ մետր վառելափայտ, որը չի արտահանվել: Պատերազմի հետևանքով կորցրել ենք անտառների գրեթե 50 տոկոսը: Անտառների վերականգնման ուղղությամբ որոշակի քայլեր կատարվել են, այդ թվում` որոշ տեղերում անտառատնկումներ են տեղի ունեցել»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ 2022 թվականին նախատեսվում է անտառային հողերի քարտեզագրում՝ անտառային ռեսուրսներն ավելի արդյունավետ կառավարելու նպատակով։