04/02/2022 20:30
Եկել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները գաղտնազերծելու ժամանակը․ այլապես նրանք կմտածեն, որ այդ ամենը լուրջ չէ․ Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան Արևմուտքին կոչ է արել հրապարակել պատժամիջոցները, որոնք կարող են կիրառվել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակը «սրելու» դեպքում։ «Աենախիստ պատժամիջոցների» սպառնալիքն, ըստ Ուկրաինայի արտգործնախարարի, չի ազդում Մոսկվայի վրա։
Նրա խոսքով՝ զգուշացումները, որ Ռուսաստանը, կոնկրետ գործողությունների դեպքում, կտուժի խիստ պատժամիջոցներից, «այլևս չեն աշխատում»։
«Ռուսաստանը դա լսում է մի քանի ամիս շարունակ, նրանք սովորել են ապրել այդ ուղերձի ներքո։ Եկել է Ռուսաստանի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցները բացահայտելու ժամանակը, որպեսզի Ռուսաստանում իրականում տեսնեն, որ Արևմուտքը միասնական է, պատժամիջոցները պատրաստ են․ Հստակություն մտցնելու ժամանակն է։ Հակառակ դեպքում Ռուսաստանը կմտածի, որ այդ ամենը լուրջ չէ»,- հայտարարել է Կուլեբան՝ ամերիկյան CNBC հեռուստաալիքի եթերում։
Ուկրաինայի ԱԳ նախարարը արևմտյան տերություններին կոչ է արել Ռուսաստանի նկատմամբ «որոշ պատժամիջոցներ կիրառել հենց այժմ»։