04/02/2022 13:44
Միջազգային հանրությունը պետք է հաղթահարի գերքաղաքականացված մոտեցումները և, անկախ ադրբեջանական իշխանությունների կամքից, այցեր իրականացնի Արցախ․ ՄԻՊ
Արբեջանական իշխանությունները միշտ վարել են Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու քաղաքականություն։ Եթե մինչև 2020 թվականի պատերազմը խոչընդոտներ էին առաջացնում, բայց կային միջազգային այցեր, հիմա հատկապես մեծ են խոչընդոտները, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդրին։
ՀՀ ՄԻՊ-ն ընդգծեց, որ խնդիրները շատ են հոգևոր ու մշակութային ժառանգությունը սեփականացնելուց մինչև կոթողների և հուշարձանների, եկեղեցիների ավիրում, ոչնչացում։ Միջազգային հանրությունն այս հարցում պետք է հաղթահարի քաղաքական պատնեշները։
«Միջազգային հանրությունը պետք է, ի վերջո, հաղթահարի իր մեջ առանձին դեպքերում այդ գերքաղաքականացված մոտեցումները և այցեր իրականացնի Արցախ՝ անկախ ադրբեջանական իշխանությունների կամքից, որովհետև, երբ բացում ենք ՄԱԿ-ի կայքը, գեղեցիկ բառերով գրված է՝ որևէ իրավուք չպետք է անտեսվի, որևէ մեկը չպետք է հայտնվի լուսանցքում։ Ե՞վ։ Արդյոք մեր ժողովուրդը տեսա՞վ, որ սա իրական կյանքում կենսագործվող արտահայտություն է , թե՞ ընդամենը գեղեցիկ բառեր են՝ թղթի վրա գրված։ Հետևաբար, միջազգային կառուցներն այս հարցում պետք է շատ զգոն լինեն, ուշադիր լինեն և, ամեն դեպքում, այցեր իրականացնեն», - ընդգծեց Արման Թաթոյանը։