04/02/2022 11:03
Թուրքիայի մեջլիսը վավերացրել է «Շուշիի հռչակագիրը»
Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Անկարայի և Բաքվի դաշնակցային հարաբերությունների շրջանակում ռազմական համագործակցության վերաբերյալ օրենքը՝ «Շուշիի հռչակագիրը», հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Օրենքին կողմ է քվեարկել 266, դեմ՝ 11 պատգամավոր։
Փետրվարի 1-ին Ադրբեջանի խորհրդարանն էր վավերացրել «Շուշիի հռչակագիրը»։
Փաստաթուղթը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից Շուշի քաղաքում։
Հռչակագրով նախատեսվում է Բաքվի և Անկարայի միջև, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասպան, փոխօգնության տրամադրում՝ երրորդ երկրի կամ երկրների կողմից նրանցից որևէ մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության կամ անվտանգության նկատմամբ սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում։
Հռչակագրի կետերից մեկի համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինված ուժերի արդիականացման ուղղությամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան։
Փաստաթղթում նշված է նաև, որ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական համագործակցությունը ուղղված չէ երրորդ երկրների դեմ։