04/02/2022 17:56
Ռուսաստանն ու Չինաստանը կոչ են արել չքաղաքականացնել կորոնավիրուսի ծագման հարցը․ «դրանով պետք է զբաղվեն միայն գիտնականները»
Ռուսաստանն ու Չինաստանը կոչ են արել չքաղաքականացնել հարցը, թե որտեղից է ծագել կորոնավիրուսային վարակը և նշել են, որ դրանով պետք է զբաղվեն միայն գիտնականները։
Երկրներն այս հարցի շուրջ դիրքորոշում արտահայտող հայտարարությամբ են հանդես եկել։
«Կողմերն ընդգծում են, որ կորոնավիրուսի ծագումը գիտական հարթությունում պետք է ուսումնասիրվի»,- նշված է փաստաթղթում։
Հայտարարությունում ասվում է նաև, որ վարակի ծագման շուրջ ուսումնասիրությունները պետք է հիմնված լինեն գլոբալ գիտելիքների վրա, ինչի համար անհրաժեշտ է ամբողջ աշխարհի գիտնականների միջև համագործակցությունը։
«Կողմերը դեմ են այս հարցի քաղաքականացմանը»,- ընդգծված է փաստաթղթում։
Ռուսական կողմը նշված հայտարարությամբ ողջունել է նաև Չինաստանի և ԱՀԿ-ի համատեղ աշխատանքը՝ ուղղված կորոնավիրուսային վարակի աղբյուրը պարզելուն։
«Կողմերը միջազգային հանրությանը կոչ են անում կորոնավիրուսային վարակի ծագումն ուսումնասիրելիս միասին ցուցաբերել գիտական լուրջ մոտեցում»,-նշված է հայտարարությունում։