04/02/2022 13:23
Ինչպե՞ս կազմակերպել երեխայի ընդմիջումը դպրոցում. առողջ լանչ բոքսը՝ ըստ սննդաբանի
Դպրոցահասակ երեխաների առողջ սննդի կազմակերպումը չափազանց կարևոր և պատասխանատու հարց է, սակայն ամեն օր առողջ լանչ բոքս հավաքելը երբեմն բավական դժվար է լինում և մայրիկներից ստեղծագործ մոտեցում է պահանջում։
Ի՞նչ համեղ և միաժամանակ օգտակար ուտելիք դնել երեխայի հետ, որպեսզի սննդից ստացված միկրոէլեմենտներն անհրաժեշտ էներգիայով ապահովեն մտավոր աշխատանք կատարող փոքրիկների օրգանիզմը։
Aysor.am-ի թղթակիցն այս հարցի շուրջ զրուցել է սննդաբան Հասմիկ Աբովյանի հետ։
Բժշկի խոսքով, դպրոցահասակ երեխայի լանչ բոքսում ոչ մի դեպքում չպետք է լինեն երշիկեղենով, տապակած կամ խորոված մսով բուտերբրոդներ, բուրգերներ, ինչպես նաև տարատեսակ բիսկվիթներ, խմորեղեններ և կոնֆետներ։ Դրա փոխարեն գերադասելի են շոգեխաշած հավի կրծքամսով, տավարի անյուղ մսով կամ ձկան մսով (ձուկը պարունակում է դյուրամարս սպիտակուցներ) տնական բրդուճները։ Կարելի է նույնիսկ խորամանկել և երեխաների սիրած բուրգերներ պատրաստել, սակայն բացառապես առողջարար բաղադրիչներով։
«Հայտնի է, որ ֆասթֆուդը, կիսաֆաբրիակատները և շաքարի մեծ պարունակությամբ սննդատեսակները երեխաներին որևէ օգուտ չեն տալիս։ Իհարկե, երբեմն այդպիսի սնունդ բալիկներին կարելի է թույլ տալ, բայց միայն երբեմն։ Վնասակար ուտելիքների փոխարեն երեխաներին պետք է առաջարկել մրգեր, բանջարեղեն, ընկուզեղեն, ամբողջահատիկ ալյուրից պատրաստված հաց և ոչ տապակած սնունդ։
Հաշվի առնելով ձմեռային սեզոնը՝ պետք է հատկապես ուշադրություն դարձնել մրգերին և բանջարեղեններին, որպեսզի բալիկները անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ և միկրոէլեմենտներ ստանան։ Ուղեղի նոր նեյրոնալ կապերի առաջացման համար պակաս կարևոր չէ նաև ընկուզեղենը։
Ընդհանուր առմամբ, երեխաների ռացիոնը պետք է հագեցած լինի ոչ հագեցած ճարպաթթուներով, որոնք են բուսական և ձկան ճարպերը։ Իհարկե, կենդանական ճարպեր ևս անհրաժեշտ են, սակայն անհամեմատ փոքր քանակությամբ»,- նշեց սննդաբան Հասմիկ Աբովյանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։