05/02/2022 09:13
«Հրապարակ». Հարցման արդյունքները բավականին ոգևորիչ են եղել ընդդիմության համար. Փաշինյանի վարկանիշն էականորեն անկում է ապրել և նվազելու միտում ունի
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես նաև քաղաքական տարբեր ուժեր պարբերաբար հանրային կարծիքի ուսումնասիրություններ են իրականացնում, որպեսզի պարզեն քաղաքական ուժերի և Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը։ Նման ուսումնասիրությունները, որպես կանոն, չեն հրապարակվում, դրանք ներքին օգտագործման համար են։ Մեր տեղեկություններով, վերջերս նման ուսումնասիրություն է կատարվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատվերով։
Հարցման արդյունքները գաղտնի են պահվում, բայց դրանց արդյունքներին ծանոթ անձինք պնդում են, որ պատկերը բավականին ոգևորիչ է եղել ընդդիմության համար։ Համաձայն այդ հարցումների՝ չնայած անհատ գործիչների մեջ ամենաբարձր վարկանիշն այս պահի դրությամբ էլ ունի գործող վարչապետ Փաշինյանը, սակայն այն էականորեն անկում է ապրել և այս պահին 20-25 տոկոսի սահմաններում է ու նվազելու միտում ունի։
ՀՀԿ-ից ո՛չ հաստատեցին մեր տեղեկությունը և ո՛չ էլ հերքեցին։ Նկատենք նաև, որ բոլոր իշխանությունները ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին մշտապես մոտ 30 տոկոս ունենում են»։