05/02/2022 13:53
Ինչպես ճիշտ սնվել կորոնավիրուսի շրջանում. Սննդագետի խորհուրդները
Վարակիչ հիվանդությունների ժամանակ մեծ նշանակություն ունի մարդու դիմադրողականությունը, որտեղ սննդակարգը շատ կարևոր դեր ունի։ Պարտադիր պետք է հետևել սննդակարգին, որպեսզի բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց սննդագետ Դավիթ Պիպոյանը։
Իսկ հատկապես Օմիկրոնի պարագայում դիմադրողականությունից բացի շատ կարևորվում է մի շարք վիտամինների առկայությունը և հավելյալ քանակությունը սննդակարգում։
«Կարևոր է, որ ոչ թե հիվանդանանք, նոր սկսենք այդ վիտամիններն ընդունել, այլ՝ մինչ հիվանդությունը ստանանք այնպիսի սննդամթերք, որը պարունակում է վիտամին C, D: Դիմադրողականության համար շատ կարևորվում է նաև վիտամին E-ն, իսկ կորոնավիրուսի դեպքում նաև՝ վիտամին B-ն։ Ցինկը և պղինձը նույնպես ունեն կարևոր դեր և նշանակություն», - ասաց Դավիթ Պիպոյանը։
Նա նշեց, որ մի շարք հետազոտություններ են արվել կորոնավիրուսային հիվանդության ընթացքի և հոսպիտալիզացիայով մարդկանց սննդակարգի վերաբերյալ, և այն մարդիկ, որոնք ունեն անառողջ սննդակարգ, մասնավորապես, ովքեր օգտագործում են մեծ քանակությամբ շաքար պարունակող գազավորված ըմպելիքներ, շատ ավելի ծանր են տանում կորոնավիրուսային հիվանդությունը։
Հետևապես, սննդագետը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ մեծ քանակությամբ շաքար պարունակող գազավորված ըմպելիքներ օգտագործումից։
«Դրան հակառակ, խորհուրդ եմ տալիս սննդակարգում ավելացնել ամբողջահատիկ հատիկեղենի քանակությունը, սննդակարգում ունենալ լոբազգիներ, միս, ձուկ, ձու։ Սրանք սպիտակուցների և մի շարք հանքային նյութերի աղբյուր են և մեր օրգանիզմին խիստ անհրաժեշտ են։ Պետք է օգտագործել այնպիսի մրգեր և բանջարեղեն, որոնք պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ։ Օրինակ, վիտամի C-ի պարագայում ավելի շատ օգտագործում ենք ցիտրուսային մրգեր, բայց անտեսում ենք, որ կանաչ պղպեղը նույնպես վիտամին C-ի հրաշալի աղբյուր է: Եթե գործ ունենք նախավիտամին A-ի հետ, ապա ցանկալի է, որ գազարագույն սննդամթերք ներառենք սննդակարգում, մասնավորապես՝ գազար», - ասաց նա։
Դավիթ Պիպոյանը խորհուրդ է տալիս նաև սննդակարգում ներառել բրինձ, հաճար։
«Պետք է նաև այս օրերին տաք հեղուկ շատ օգտագործել», - ասաց նա։
Շատ է խոսվում այն մասին, թե ճիշտ է բնակա՞ն, թե՞ հավելյալ վիտամիններ ընդունել։
«Սննդակարգով մեկ-երկու օրում չեք կարող նորմավորել ձեր օրգանիզմի բոլոր պահանջները։ Մարդ պետք է լավ սննդակարգ ունենա տարին 12 ամիս: Անշուշտ, շատ կարևոր են պրոբիոտիկները, աղեստամոքսային տրակտը շատ կարևոր դեր և նշանակություն ունի օրգանիզմի դիմադրողականության վրա, հետևապես թթու կաթնամթերքը, կաթննաթթվային մթերքը՝ «Նարինեն», յուգուրտները շատ կարևոր և դրական ազդեցություն են թողնում, բայց այս օրերին կարևոր է հավելյալ եղանակով վիտամիններ ընդունելը։
Պետք է հասկանալ՝ որքան օրգանիզմի դիմադրողականությունը լինի բարձր, այնքան թեթև ընթացք կունենա հիվանդությունը։ Լավ սննդակարգը մարդու առողջության գրավականն է», - եզրափակեց խոսքը նա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։