07/02/2022 11:55
Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում կայացրեց կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։
Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող անձանցից մեկին կալանավորելու մասին է: Անձը, ինչպես նաև նրա փաստաբանը չեն ներկայացել նշանակված դատական նիստին, փաստաբանը դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքը չի ներկայանալու, իսկ պաշտպանյալն առանց իր ներկայության ցանկություն չի հայտնել ներկայանալ:
Բորիս Բախշիյանն էլ որոշել է փոխել ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունն ու նրան կալանավորել, շաբաթներ անց, սակայն, դատավորը ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը փոխել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով:
Հիշեցնենք` հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունը բավարարել:
Դատավորների միությունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
Հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել:
Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը:
Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են. նման որոշում է կայացրել ԲԴԽ-ն։