07/02/2022 12:35
Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է միջազգային կառույցների գործուն աջակցությամբ. Արամ Վարդևանյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի կարծիքով՝ մասնագիտական համայնքի համար հստակ էր դատավոր Բախշիյանի գործի մակագրումից, որ կալանավորումն անխուսափելի է:
«Այս իշխանությունների դեպքում մի բան միշտ հստակ է և կանխատեսելի: Քաղաքական պատվեր` իրավապահների հստակ կատարողական: Մասնագիտական համայնքի համար հստակ էր դատավոր Բախշիյանի գործի մակագրումից, որ կալանավորումն անխուսափելի է: Անխուսափելի էր, քանի որ այս իշխանությունները չեն հանդուրժում անկախ դատարանը և սրանով ազդակ են տալիս բոլորին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին փաստաբանը։
Վարդևանյանն ընդգծել է՝ ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է միջազգային կառույցների գործուն աջակցությամբ:
«Դատավորի կալանքը տրվեց Եվրոպայի միության դեսպանատան առնվազն լուռ աջակցությամբ, միջազգային կառույցների լուռ աջակցությամբ: Ակնհայտ է, որ սա աննախադեպ մարտահրավեր է իրավունքի գոյությանը...», - նշել է Վարդևանյանը։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում կայացրեց կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։