07/02/2022 14:55
Դատավոր Բորիս Բախշիյանի գործով քաղաքական որևէ միջամտություն ԲԴԽ որոշման կայացմանը չի եղել. քվեարկել ենք խղճով ու օրենքով. Գրիգոր Բեքմեզյան
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը վստահեցնում է՝ դատավոր Բորիս Բախշիյանի գործով քաղաքական որևէ միջամտություն չի եղել։
«Մենք դատախազության միջնորդությունն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել ենք, հավատացեք, նույնիսկ մենք այնտեղ այնպիսի նրբություններ ենք նկատել, որ, երևի, մյուս կողմը չի նկատել ու նիտի ժամանակ բարձրաձայնել ենք ամեն ինչ, մենք շատ ուշադիր ենք, ամեն ինչ կարդում ենք, ինչը կապված է դատավորի և վերջինիս հետ կապված վարույթների հետ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բեքմեզյանը։
Դատավոր Բախշիյանի փաստաբանի Երեմ Սարգսյանը, հիշեցնենք, այսօր հայտարարել էր, որ ԲԴԽ դատավորներն, առանց կարդալու, «ստորագրել են թուղթը»։
«Թուղթը տվել են, ասել են կստորագրեք, իրենք էլ ստորագրել են, ինչու եմ պնդում, որովհետև որոշման 9-րդ էջում միտքը կիսատ է մնացել, մի ամբողջ էջեր չկան այնտեղ, բայց բոլորը ստորագրել են», - նշել էր Երեմ Սարգսյանը։
«Ենթադրում եմ՝ նկատի ունի մեր որոշումը, ոչ թե դատախազութան միջնորդությունը, մեր որոշումը ևս կարդացել ենք, ենթադրում եմ, կարող է խմբագրական փոփոխություններից հետո տպվելուց ինչ-որ մի բառ սխալ է գնացել, տեխնիկական խնդիր է, ես այստեղ որևէ պրոբլեմ չեմ տեսնում, ամեն դեպքում, ԲԴԽ անդամները կարդում են, ինչ ստորագրում են», - ասաց նա։
ԲԴԽ անդամը վստահեցրեց՝ դատավոր Բախշիյանի գործով Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել բացառապես իրավական գործընթաց։
«Քաղաքական որևէ միջամտություն մեր որոշման կայացմանը չի եղել, նույնիսկ, փորձ չի եղել, մենք իրավական տեսանկյունից նայել ենք, խորհրդի անդամները քվեարկել են իրենց խղճով ու օրենքով», - հավելեց Գրիգոր Բեքմեզյանը։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում է կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։
Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Դատավորը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. նա հայտարարել էր, որ իր նկատմամբ իրականացվող ողջ գործընթացը բացառապես միջամտություն է իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը:
Հիշեցնենք` հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունը բավարարել:
Հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել:
Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը: