07/02/2022 13:03
Պատանի դաշնակահար Արմեն Պուչինյանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի
Դաշնակահար Արմեն Պուչինյանը մի քանի միջազգային մրցույթներում ունեցել է հաջողություններ:
Պատանի դաշնակահարը Գերմանիայում կայացած Կլարա Շումանի անվան միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի։
Մրցույթին մասնակցել է աշխարհի 34 երկրներից շուրջ 379 դաշնակահար։ Նրանց գնահատել է միջազգային ժյուրին, որի կազմի մեջ ընդգրկված են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից:
Հաջորդիվ Արմեն Պուչինյանը մասնակցել է նաև Ավստրիայում կայացած «CLASSICALIA» Global Televised Music Competition մրցույթին: Այն առանձնահատուկ է իր կառուցվածքով. այն բաղկացած է 4 փուլից, որոնցից առաջին, երկրորդ և կիսաեզրափակիչ՝ երրորդ փուլերը անցկացվում են հեռավար, իսկ չորրորդ՝ եզրափակիչ փուլը կայանում է կենդանի կատարումներով։ Մրցույթին մասնակցել են 286 դաշնակահար, և կիսաեզրափակիչ է անցել ընդամենը յոթ մասնակից. Արմեն Պուչինյանը յոթնյակում է:
Կիսաեզրափակիչ փուլը կայանալու է ս․թ․ մարտ ամսվա ընթացքում, և երեք լավագույն մասնակիցները անցնելու են եզրափակիչ փուլ, որն էլ արդեն իսկ կենդանի կատարումներով անցկացվելու է Վիենայի Konzerthouse-ում:
Եզրափակիչ փուլը կկայանա ապրիլին և կհեռարձակվի ուղիղ միացումով մի քանի հեռուստաընկերությունների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ-ի PBS-ի:
Նշենք նաև, որ 2022 թ. ընթացքում «Մեկնարկ» նպատակային ծրագրի երեք անդամներ՝ դաշնակահարներ Մերի Շարբաթյանը, Արթուր Գրիգորյանը և Անդրեյ Կուրբետը ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
Կատարվելու են դաշնամուրային ժառանգության բարդագույն և կարևորագույն կտավներից՝ Պ. Չայկովսկու N1, Ս. Պրոկոֆևի N2 և Ռ. Շումանի դաշնամուրային կոնցերտները։