07/02/2022 16:10
Պահում եմ իմ նվագած երաժշտության որակը. DJ Վակցինան՝ Հայաստանում ակումբային երաժշտության մշակույթի և հեռանկարների մասին
Ակումբային երաժշտության մշակույթի, հայ երիտասարդների՝ այդ մշակույթը կրել-չկրելու թեմայով Aysor.am-ի թղթակիցը զրուցել է DJ Վակցինայի (Արուսիկ Մկրտչյանի) հետ։
Հայաստանում ամենանահայտնի դիջեյներից մեկի խոսքով՝ 2000-ականներին ակումբային ոլորտը մեր երկրում ավելի ակտիվ էր, և ամենատարբեր միջոցառումներ և փառատոններ էին կազմակերպվում, մինչդեռ այժմ ոլորտում այդչափ ակտիվություն չկա։
«Իհարկե, կան որոշակի խմբեր, որոնք տարբեր կազմակերպություններ են ներկայացնում և տարբեր միջոցառումներ կազմակերպում, բայց այն մեծամասշտաբ միջոցառումները, որ նախկինում էին կազմակերպվում, այժմ չկան, այսպես ասած՝ որոշակի անկում ենք ունեցել։
Աշխարհում ևս ավելի կոմերցիոն փառատոններն են շատացել, իսկ ակումբային անդերգրաունդ երաժշտությունը ներկայացնող փառատոնները մի քանիսն են մնացել։ Այնուամենայնիվ, տենդենցները ժամանակի հետ փոխվում են։ Երբ ես 2000-ականներին ծանր ակումբային երաժշտություն էի նվագում՝ հաուս, տեխնո և այլ ոճերի, այդ ժամանակ այլ էր. հիմա այդպիսի երաժշտության պահանջարկ շատ չկա։ Եթե անգամ կա, այնքան մինիմալ վճարներ են լինում, որ նվագելու իմաստ շատ դեպքերում ուղղակի չկա», - ասաց է DJ Վակցինա։
Հարցին՝ այժմ ի՞նչ երաժշտություն է նվագում՝ դիջեյը նշեց՝ նվագում է միայն հատուկ միջոցառումների ժամանակ՝ մեծ փառատոնների բացումներ, օֆիցիալ բացումներ, նաև հարսանեկան միջոցառումներ, որոնք առավելապես կոմերցիոն նպատակներ են ենթադրում։
«Իհարկե, որպես դիջեյ՝ պահում եմ իմ նվագած երաժշտության որակը, և ինչ-որ մակարդակ կա, որից ինձ թույլ չեմ տալիս իջնել։ Վերջին տարիների ակումբային երաժշտություն միայն դրսում եմ նվագել», - ասաց Արուսիկ Մկրտչյանը՝ նշելով, որ այժմ խիստ ընտրողաբար է մոտենում միջոցառումների հրավերներին՝ նվագելով միայն բարձր որակի միջոցառումներին։
DJ Վակցինայից նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք չի պատրաստվում առաջիկայում ակումբային երաժշտության ուսուցման կենտրոն հիմնել։
Մեր զրուցակիցը շեշտեց՝ նման գաղափար կյանքի կոչելու համար պետք է մեծ պահանջարկ լինի, որովհետև ընդամենը մի քանի հոգու հետաքրքրվածությունը բավարար չի լինի մասնագիտական դպրոց բացելու համար։
«Այնուամենայնիվ, պլաններում նման կենտրոն բացելու միտք կա, բայց այն ժամանակ, երբ իմ նախագծերով այդքան էլ զբաղված չեմ լինի։ Շատերն են այդ հարցով ինձ դիմում, բայց առայժմ ասում եմ, որ պետք է սպասեն՝ մինչև հստակ կորոշեմ», - նշեց դիջեյը։
DJ Վակցինան նաև նշեց, որ ընթացիկ տարվա հունվարի 13-ից ինքը, «Ի գործ» բարեգործական արշավի շրջանակներում, ամեն շաբաթ մի քանի տեղ աշխատում է (կոշկակարություն, արևային պանելների տեղադրում և այլն) և ամբողջ աշխատավարձը փոխանցում «Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամին՝ նպատակ ունենալով օգնել առողջական ծանր խնդիրներ ունեցող փոքրիկներին։
«Բացի այդ՝ «Շանթ» հեռուստաընկերությունում հաղորդավար եմ և նաև մեկ այլ պրոյեկտ ունեմ՝ դեռահասների ֆիզիկական և հոգեկան առողջության հետ կապված իրազեկման ծրագիր ենք իրականացնում», - ասաց դիջեյը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։