07/02/2022 14:01
Մինչև Մինսկի խումբը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն Արցախ այցելելու թույլտվություն ստանան, Ադրբեջանն ամբողջովին կվերացնի հազարավոր հայկական հուշարձաններ. Կամո Աթայան
Ադրբեջանը պետական մակարդակով հանձնաժողով է ստեղծել ու քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ «ալբանացնում» կամ ավերում է Արցախի Հանրապետության գրավյալ տարածքներում առկա հարուստ հայկական մշակութային կոթողները, որը հստակ ձևակերպվում է որպես մշակութային ցեղասպանություն…
Այդ ձեռագիրը նոր չէ, այն տասնամյակներ շարունակ հաջողությամբ գործել է ոչ միայն կոթողների «ալբանացման» կամ նրանց իսպառ, հիմնովին ավերելու ու հայկականության ամենավերջին հետքերը մաքրելու ձևով, այլև պատմագիտական լուրջ` խեղկատակության հասնող խեղաթյուրումներով, որի հեղինակները միայն զիաբունյաթովները, ֆարիդամամեդովաները չէին, նրանց հաջողությամբ ձայնակցում էին և խորհրդային շրջանի և, այսպես կոչված, անկախ Ադրբեջանի ղեկավարներն ու բարձր պաշտոնյաները:
Ամենաաղաղակող դեպքերից էր 21-րդ դարի սկզբնամասում Ջուղայի հայտնի խաչքարերի մասսայական ոչնչացումը, որի համար, ինչպես նաև բոլոր ֆաշիստական նման դրսևորումների դեպքում, նրանք պատասխանատվության չեն ենթարկվել ու հաջողությամբ Արցախի նկատմամբ իրենց «եղբայրական» ագրեսիան ավարտելով, անտարբեր աշխարհի ու խաղաղություն «մուրացող» ՀՀ-ի մարդասիրական կոչերի ներքո ավերում ու ալբանացնում են իրենց տիրապետության տակ գտնվող մեր հայտնի մշակութային արժեքները…
Միգուցե արժե Արցախում օրենքներ ընդունել մշակութային արժեքների, ժառանգության և նրա պահպանման վերաբերյալ ու բոլոր կոթողների մասին թվայնացված տեղեկատվությունն անձնագրերով հանդերձ, դրանց թարգմանված տարբերակներով ուղղակի ողողել համացանցը, այնտեղ տեղադրել նաև դրանց վերաբերյալ տեսահոլովակներ, կարճամետրաժ ֆիլմեր, նկարներ, այլալեզու գիտական հղումներով պատմական հակիճ տեղեկատվություն, և այդ ամենը ուղղել նաև աշխարհի պետությունների պառլամենտներին, մշակութային և գիտական գերտեսչություններին ու կենտրոններին, բնականաբար, կրկին անգամ նաև ՄԱԿ-ին ու նման խնդիրներով զբաղվող նրա հիմնական կառույցին` ՅՈՒՆԵՍԿՕ-ին…
Շատ կարևոր է նաև մեր մշակութաբանների, պատմաբանների կողմից համապատասխան գիտավերլուծական հարթակի ստեղծման գաղափարը, որտեղ ամեն ինչ պետք է կատարվի վերին աստիճան գիտական ապացույցներով և դրան մասնակից պետք է դարձնել նաև արտերկրի նշված ուղղություններով հայտնի մասնագետներին: Թե չէ ստացվում է, որ մենք ընդամենը մեր ներքին լսարանի համար ինչ-որ վերլուծություններ ենք կատարում, կարծես, հայերին ինչ-որ ճշմարտություն հասցնելու համար, իսկ վանդալական` թուրք-ադրբեջանական եղբայրությունն իր սև գործն է անխափան ու անարգելք կատարում և վրադիր էլ… Եվրոպայից 2 միլիարդ դոլար ստանում ու գազամատակարարման հզոր պայմանագրեր կնքում…