08/02/2022 09:35
«Հրապարակ». Արցախում ապագա նախագահացուի փնտրտուքների փուլ է սկսվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումների փուլ է սկսվել։ Հետաքրքրություն են դրսևորում ինչպես նախկին ղեկավարները, գեներալիտետը, այնպես էլ հայաստանյան իշխանություններն ու, այսպես կոչված, սորոսական թևը։ Սկսվել է ապագա նախագահացուի փնտրտուքների փուլ։ Որոշ շրջանակներ ԱԽ ներկայիս քարտուղար Վիտալի Բալասանյանին են տեսնում, սակայն վերջինս հստակ պատասխան չի տալիս, հակառակը՝ ասում է, թե ինքն իրեն տեսնում է հենց այն պաշտոնում, որն այսօր զբաղեցնում է։ Մյուս թեկնածուն ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն է՝ Ռիժի Լյովը, ով գեներալիտետի թեկնածուն է։
Ասում են՝ Արայիկ Հարությունյանը խոստացել է աջակցել այս թևին։ Սակայն պատմեցին, որ մի քանի օր անց էլ նեղ շրջապատում ասել է, թե Ադրբեջանը Ռուսաստանի միջոցով արգելք է դնելու, որ հաջորդ նախագահը չլինի ղարաբաղյան շարժումով անցած մարդ։ Արցախում կարծում են, որ Արայիկ Հարությունյանի հեռանալու որոշումն իրականում վերջնական չէ, և նա, հավանաբար, կպառակտի ու խժդժություններ կփորձի հրահրել, որպեսզի իր թեկնածությանն այլընտրանք չնշմարվի»։