08/02/2022 18:40
Բարի ցանկություն է, բոլորս էլ ուզում ենք, որ նվազագույն աշխատավարձը բարձր լինի, բայց դրա համար երկրում պետք է աշխատանքի արտադրողականությունը բարձրանա. տնտեսագետ
Եթե գործատուն պլանավորում է աշխատողին վճարել, ենթադրենք, 80 հազար դրամ, աշխատողն էլ համաձայն է այդքան աշխատավարձ ստանալ, բայց պետությունը գործատուին պարտադրում է վճարել 100 հազար դրամ, սա պարարտ հող է ստեղծում տարբեր մանիպուլյացիաների, ստվերայնության համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի հայտարարությանը, թե «նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելը մեզ տանելու է շատ վատ տեղ»։
«Նվազագույն աշխատավարձը սահմանափակումներ է առաջադրում թե՛ գործատուին, և թե՛ աշխատողին։ Գործատուն աշխատավարձ վճարում է աշխատողի արտադրողականությունից, գործունեության արդյունավետությունից և նաև աշխատաշուկայում առկա առաջարկ-պահանջարկից ելնելով։ Նվազագույն աշխատավարձի բարձրացման առաջարկները պետք է տնտեսապես հիմնավորված լինեն։
Դրանք թվացյալ կերպով հետապնդում են աշխատողների շահերը, բայց իրականում չպետք է հարվածեն նրանց իսկ շահերին։ Այսինքն՝ այստեղ ամեն ինչ միանշանակ չէ։ Կոնկրետ ինչի՞ համար կամ որտեղի՞ց է վերցվել նվազագույն աշխատավարձի շեմը 100 հազար դրամ սահմանելը. ինչո՞ւ ոչ 120, կամ 80 հազար դրամ»,- հարց հնչեցրեց տնտեսագետը։
Արմեն Քթոյանի խոսքով, պատասխանատու մոտեցումը ենթադրում է նմանօրինակ օրենսդրական փոփոխություններ առաջարկելիս հաշվի առնել բոլոր կողմերի շահերը՝ արդյոք տնտեսական իրողությունները համապատասխանո՞ւմ են իրավիճակին, թե՞ ոչ։
«Ես 100 հազար դրամ նվազագույն աշխատավարձի հիմնավորումները չեմ տեսել և չեմ կարծում, որ այդպիսիք կլինեն։ Եթե հիմնավորումներ լինեն, դրանք պետք է քննարկման առարկա դառնան։ Բարի ցանկություն է, և բոլորս էլ ուզում ենք, որ նվազագույն աշխատավարձը բարձր լինի, բայց դրա համար երկրում պետք է աշխատանքի արտադրողականությունը բարձրանա»,- ասաց տնտեսագետը։