08/02/2022 20:30
Ընդդիմությունը նվազագույն աշխատավարձի 100 հազար դրամի շեմը չափից ավելի բարձր է սահմանել. տնտեսագետ
Նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ սահմանելն այս պահի դրությամբ անիրատեսական է, և չեմ կարծում, որ կա իրական հնարավորություն, որպեսզի նվազագույն աշխատավարձն այսչափ բարձրացվի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի հայտարարությանը, թե «նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելը մեզ տանելու է շատ վատ տեղ»։
«Իհարկե, սա չի նշանակում, որ նվազագույն աշխատավարձն առհասարակ չի կարող բարձրացվել։ Այս պահի դրությամբ այն 68 հազար դրամ է, և քանի որ վերջին տարվա ընթացքում որոշակի տնտեսական աճ և մոտավորապես 8 տոկոսանոց գնաճ կար, ապա գոնե 10 տոկոսով բարձրացնելը, կարծում եմ, իրատեսական էր, նույնիսկ գուցե մինչև 80 հազար դրամ դարձնելը»,- նշեց մեր զրուցակիցը։
Հրանտ Միքայելյանի խոսքով՝ ընդդիմությունը, ի դեմս նվազագույն աշխատավարձի բարձրացման, հասարակության համար խիստ կարևոր հարց է բարձրաձայնել, սակայն 100 հազար դրամի շեմը չափից ավելի բարձր է սահմանել։
«Եթե գոնե 80 հազար սահմանվեր, դա կարող էր ավելի ադեկվատ քննարկման արժանանալ»,- նշեց Հրանտ Միքայելյանը։
Հիշեցնենք, որ Բաբկեն Թունյանն, այսօր անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ, հայտարարել էր, թե դրա ընդունման դեպքում պատգամավորների, նախարարների, փոխնախարարների ու մյուս պաշտոնյաների աշխատավարձն ավելի շատ է բարձրանալու, քան նվազագույն աշխատավարձ ստացողներինը: