09/02/2022 13:45
Կրծքով կերակրելը գրեթե կիսով չափ նվազեցնում է Մանկական հանկարծամահության համախտանիշի ռիսկը. ԿԿ մասնագետ
Մասնագետները միաձայն պնդում են՝ կրծքի կաթը լավագույնն է, ինչ մայրիկը կարող է տալ իր բալիկին։ Այն անփոխարինելի սնունդ է փոքրիկի համար, որի մեջ եղած օգտակար բաղադրիչները երեխան ոչ մի այլ տեղից չի կարող ստանալ։
Կրծքով կերակրման (ԿԿ) կարևորության և այդ պրոցեսի՝ անփոխարինելի լինելու մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է ԿԿ խորհրդատու Անուշ Սաքանյանի հետ։
- Անուշ ջան, խոսենք կրծքով կերակրման դրական կողմերի մասին՝ ինչպես բալիկի, այնպես էլ, իհարկե, մայրիկի առողջության տեսանկյունից։ Ի՞նչ պետք է իմանա սկսնակ մայրիկը ԿԿ կարևորության մասին՝ ծննդատնից սկսած։
- Առաջարկում եմ չշեշտել կկ դրական կողմերում «դրական» բառը, քանի որ դրականը ենթադրում է նաև բացասականի առկայություն, որն այս դեպքում չկա։ Կրծքով կերակրումը բացասական կողմ չունի ո՛չ երեխայի, ո՛չ մայրիկի համար։
Կրծքով կերակրման առավելությունները չափազանց շատ են։ Ես կներկայացնեմ մի քանի ամենակարևորը։ Կրծքով կերակրումը երկարաժամկետ ազդեցություն ունի երեխայի առողջության վրա ողջ կյանքի ընթացքում։ Որքան երկար է տևում կրծքով կերակրումը, այնքան երկար է տևում պաշտպանությունը և այնքան ավելի մեծ է օգուտը:
Կրծքի կաթը կենդանի օրգանիզմ է, և նրա բաղադրությունը փոփոխվում է ըստ երեխայի կարիքների։ Հատկանշական է, որ կրծքի կաթի բաղադրության մեջ կան HAMLET (human alpha-lactalbumin made lethal to tumor cells) քաղցկեղասպան բջիջներ։ Բացի այդ՝ կրծքով կերակրելը գրեթե կիսով չափ նվազեցնում է Մանկական հանկարծամահության համախտանիշի (ՄՀՀ) ռիսկը, նպաստում երեխայի ուղեղի, տեսողության զարգացմանը։
Կերակրող մայրիկները պետք է իմանան, որ կրծքի կաթը պարունակում է 700-ից ավելի բաղադրիչ, այն դեպքում, երբ արհեստական կաթնախառնուրդը պարունակում է մոտ 40-50 բաղադրիչ։
Ինչ վերաբերում է կրծքով կերակրման՝ մայրիկի առողջության վրա ունեցած դրական ազդեցությանը, ապա պետք է նշել, որ ԿԿ-ն նպաստում է ծննդաբերությունից հետո արգանդի արագ կրճատմանը, հետծննդաբերական դեպրեսիայի հեշտ հաղթահարմանը և ամենակարևորը՝ արգանդի վզիկի, ձվարաների ու կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի նվազեցմանը։ Ամեն կրծքով կերակրած ամսվա հետ կրճատվում է այս քաղցկեղներով հիվանդանալու հավանականության տոկոսը։
Բայց վերը թվարկվածները միայն մի մասն են մայրիկի առողջության ամրապնդման տեսանկյունից։ Կրծքով կերակրումը 2-րդ տիպի դիաբետի առաջացման հավանականությունը նվազեցնում է 2, ռևմատոիդ արթրիտի ռիսկը՝ 2 անգամ։ Կրծքով կերակրման ընթացքում կնոջ օրգանիզմը շատ ավելի արդյունավետ կերպով է յուրացնում կալցիումը ու չնայած որոշ ոսկորներ, հատկապես՝ ողնաշարը և կոնքոսկրը, ավելի քիչ պնդություն ունեն կերակրելը ավարտելու պահին, վեց ամիս անց նրանք ավելի պինդ են, քան եղել են նախքան հղիությունը:
Ոչ պակաս կարևոր է, որ ԿԿ-ն նվազեցնում է ճարպակալման ռիսկը. կրծքով կերակրող մայրը օրական մոտ 500 կալորիա ավելի շատ է կորցնում:
Վերջում ուզում եմ նշել, որ ԿԿ-ն հեշտ է ու միշտ հասանելի։ Կրծքի կաթը միշտ կա և միշտ ճիշտ ջերմաստիճանի է: Եվ վերջապես, ոչ պակաս կարևոր կետ․ կրծքով կերակրելը ֆինանսապես ձեռնտու է։
Շարունակելի
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։