09/02/2022 18:16
Հույս ունենք, որ առարկայական քննարկումներ կսկսվեն Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին. Արարատ Միրզոյան
«Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը ճանաչողական բնույթ ուներ։ Հույս ունեմ, որ այս անգամ արդեն առարկայական քննարկումներ կսկսվեն երկու հատուկ ներկայացուցիչների միջև։ Քննարկումներ՝ ուղղված Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը», - Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև փետրվարի 24-ին Վիեննայում կայանալիք հանդիպումից իր ակնկալիքները ներկայացրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խորհրդարանում։
Միրզոյանը հավելեց՝ այս առնչությամբ Թուրքիայից եկող ազդակները «առավելապես դրական կոնտեքստում են»։
«Ուզում եմ մեկ անգամ էլ կրկնել՝ պաշտոնական Անկարայից այս մասին եկող ազդակները, ուղերձները, ակնարկները առավելապես դրական կոնտեքստի մեջ են, և մեր ակնկալիքներն էլ այդպիսին են»,- ասաց նա։
ԱԳ նախարարն անդրադարձավ նաև մարտին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցել-չմասնակցելու հարցին։ Այս մասին Թուրքիայի փոխնախագահի՝ վերջերս հնչեցրած հայտարարության արձագանքները ԱԳ նախարարը «կարճատև փոթորիկ» անվանեց, կարծիք հայտնեց, որ Փաշինյանի մասնակցության մասին Թուրքիայի փոխնախագահի հայտարարության տողերը կարող են սխալ թարգմանված լինել։
«Այդ թեմայով հայկական ֆեսյբուքյան տիրույթում կարճատև «փոթորիկ» էր տեղի ունեցել։ Ուզում եմ մեկ անգամ ևս հավաստել․ ՀՀ վարչապետի՝ Անթալիայում միջոցառմանը մասնակցության հարցը չի քննարկվել և չի քնարկվում։ Կարող եմ, թերևս, ենթադրություններ անել, որ որոշակի նրբերանգային, կարելի է ասել, սխալ թարգմանության հետևանք է սա, որովհետև, որքան հասկացա, բառացի թարգմանությունը հետևյալն է՝ ՀՀ վարչապետը դրական ուղերձներ է հղել և ասել է, որ «նա» կմասնակցի Անթալիային։ Այստեղ «նա»-ն կարող է և երկրին վերաբերել»,- ասաց Միրզոյանը։
Նա նշեց նաև, որ Անթալիայի համաժողովին մասնակցելու հրավեր ուղարկվել է իրեն և ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։ Ֆորումին մասնակցելու որոշում դեռևս չկա։
«Որոշում իսկապես չկա, որոշումը մեծապես կախված կլինի նաև փետրվարի 24-ին կայանալիք Վիեննայի հանդիպման արդյունքներից»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը։