09/02/2022 17:01
Պատրաստ ենք հնարավորինս աջակցել Բելառուսին զանազան միջազգային հարթակներում. ՀՀ ԱԳ նախարար (Տեսանյութ)
Հայաստանի համոզմամբ՝ Բելառուսի նախագահի ձևակերպումները ուղղված են եղել սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Ուզում եմ կրկին հաստատել՝ Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները, մեկնաբանություններն առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը, քննարկման առարկա են դառնում տարբեր երկրներում, այդ թվում, մեր երկրում: Մեր խորին համոզմամբ՝ այդ ձևակերպումները ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը: Վստահ կարող եք լինել, որ այն ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հետ այն որևէ առնչություն չունի», - ասաց Միրզոյանը:
Նա հաստատեց տեղեկությունը, որ ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳ նախարարություն:
«Դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքներն այն մասին, որ մեր հայտարարությունները միմյանց մասին պետք է հաշվի առնվեն և հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, հաշվի առնենք միմյանց շահերը, միմյանց սուվերենությունը, ինչու չէ, նաև այն իրավապայմանագրային և մյուս դաշտը, որոնց հիման վրա մեր երկրների միջև կա համագործակցությունը: Այնուամենայնիվ, մենք հետայսու ևս համապատասխան պաշտոնական հայտագրերի դեպքում պատրաստ ենք հնարավորինս աջակցել Բելառուսին զանազան միջազգային հարթակներում», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Նա ընդգծեց, որ երկու երկրներն ունեն բավականին հարուստ իրավապայմանագրային բազա և համագործակցությունն այդ բազայի հիման վրա է ընթանում:
«Կարծում եմ՝ լավ կլինի, որ հետայսու նաև բարձրագույն մակարդակով հնչող հայտարարությունները համապատասխանեն նշածս իրավապայմանագրային և բարեկամական ոգու գնահատականներին», - ասաց Միրզոյանը: