09/02/2022 10:49
Երթևեկության կանոնների խախտման համար բալային համակարգը չի հանվի. Ընդդիմության նախագիծը մերժվեց
Ազգային ժողովը չընդունեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում կիրառվող տուգանման բալային համակարգը:
Նախագիծը քվեարկությամբ ստացավ 42 կողմ, 46 դեմ ձայն:
Երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, թե այս նախագծով ոչ վիճարկվում է բալային համակարգի արդյունավետությունը, ոչ էլ վիճարկվում է տուգանքների բարձր կամ ցածր լինելը:
Ըստ ընդդիմադիրների՝ ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար, իսկ բալային համակարգի ներդրման արդյունքում ՀՀ վարորդ քաղաքացիները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ենթարկվում են դրամական տուգանքի, միևնույն ժամանակ, նույն արարքի համար ենթարկվում են մեկ այլ տույժի, որի համաձայն՝ բալերից են զրկվում ու վերջում քաղաքացին զրկվում է մեքենա վարելու իրավունքից:
Հիշեցնենք` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանային համակարգը գործում է 2020 թվականի հունվարի 1-ից։ Վարորդական վկայական ունեցող յուրաքանչյուր քաղաքացու մեկ տարվա ընթացքում տրամադրվում է 9 բալ, որոնք սպառելուց հետո վարորդը կարող է կորցնել վարորդական իրավունքը վեց ամսով։