09/02/2022 09:34
«Ժողովուրդ». Օրենքի փոփոխությամբ ավիաընկերությունները կարող են տուգանվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացում կկատարվի, ինչի արդյունքում ավիաընկերությունները կարող են տուգանվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոխադրողը պատասխանատվություն կկրի ուղևորին կեղծ ճամփորդական փաստաթղթերով, միջազգային բժշկասանիտարական կանոնների պահանջների խախտումով փոխադրման համար:
Այսինքն՝ ավիաընկերությունը պատասխանատվություն է կրելու Հայաստանի օդանավակայանում ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների պահպանության և խնամքի համար՝ օդանավը լքելու պահից մինչև սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից ՀՀ տարածք մուտքի թույլտվության տրամադրումը։
Ավելին, պատասխանատվություն է կրելու նաև օդանավակայանում ուղևորների պահպանության և խնամքի համար սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից տվյալ չվերթի ուղևորին ՀՀ տարածք մուտքի թույլտվության տրամադրումը սահմանված կարգով մերժելու դեպքում:
Այս պահանջները չկատարելու համար տուգանք կնշանակվի, որը կնպաստի ավիաընկերության կողմից ուղևորների առջև միջազգային ստանդարտներով սահմանված պատասպանատվության պատշաճ կատարմանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահանջների չկատարման դեպքում ավիաընկերությունը կտուգանվի 500 հազար դրամի չափով»։