09/02/2022 09:44
«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր դատախազը որոշել է «ատամ ցույց տալ» բոլոր ուժային կառույցներին և իսկապես դատախազ աշխատել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը վերջին շրջանում բավականին ակտիվացել է, և ինչպես նկատում է «Ժողովուրդ» օրաթերթը, հրապարակային դաշտում կոշտ քննադատում կամ ուշագրավ որոշումներ է կայացնում նախաքննական մարմինների գործունեության մասով:
Օրինակ՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ էր հայտարարել և այն ուղարկել Գլխավոր դատախազություն՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար: Դատախազությունից, սակայն, հայտնել էին, որ քրեական գործը չի հաստատել դատախազը և այն հետ է ուղարկել: Գրեթե նույնը կրկնվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով:
Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության։ Ու թեև գործերը հետ են ուղարկվել, բայց, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություննների համաձայն, գործով անցնող մեղադրյալների մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել: Եվ, ահա, հիմա էլ դատախազությունը ոստիկանությանն է կոշտ քննադատության ենթարկել և այն էլ՝ հրապարակային: Ըստ դատախազության՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման, պարտականությունների հանցավոր չկատարում, ինչը նպաստում է հանցագործությունների թվի աճին: Այսինքն՝ ոստիկանները հանցանքի դեպքերը չեն գրանցում, որ չբացահայտման դեպքեր չունենան: Արդյունքում թերությունների վերացման համար Գլխավոր դատախազը դիմել է ՀՀ ոստիկանապետին:
Այսպիսով, դատելով իրավիճակից՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մինչև սեպտեմբեր ամիսը իր լիազորությունների դադարեցումը որոշել է «ատամ ցույց տալ» բոլոր ուժային կառույցներին և իսկապես դատախազ աշխատել, քանի որ մինչ այդ աշխատում էր մեղադրանք դակող: Ուշացած քայլ է, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք: Իսկ մենք կհետևենք Գլխավոր դատախազության զարգացումներին, քանի որ մինչև սեպտեմբեր հետաքրքիր զարգացումներ են սպասվում»։