09/02/2022 17:58
Հայաստանում պետք է ունենանք ռազմական արդյունաբերություն. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր կրկին անդրադարձավ Զինված ուժերի բարեփոխմանը:
Նա ասաց, թե հետպատերազմյան ժամանակահատվածում Պաշտպանության բոլոր նախարարները խոսել են դրա անհրաժեշտության մասին, խոսել են այն մասին, որ հայեցակարգ է մշակվում, սակայն մինչև այս պահը հայեցակարգի հետ կապված որևէ տեղեկություն չկա:
«Այս հայեցակարգի գործի մեջ չդնելը մեծ վնաս է բերում պաշտպանական համակարգին: Ի վերջո, ի՞նչ ժամկետների մեջ է հայեցակարգը մշակվելու ու ե՞րբ է լինելու Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովում», - հետաքրքրվեց պատգամավորը:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասաց, թե 2021-ին հաստատված է պաշտպանական գերատեսչությունում բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզը, որը ենթադրում է, որ կլինի հայեցակարգի մշակում, որը 2021-ի ավարտին արդեն իսկ մշակված է եղել ու պատրաստ է եղել շրջանառության, բայց բովանդակությունն այդքան էլ իր համար ընդունելի չի եղել:
«Ես այդ աշխատանքով բավարարված չեմ ու հետ եմ ուղարկել վերախմբագրման: Աշխատանքի արդյունքները առաջիկայում կամփոփվեն, այն գաղտնի չէ, հնարավոր է մասնակցել քննարկումներին, ՊՆ-ն բաց է», - ասաց նա:
Նախարարի խոսքով՝ առաջիկայում շրջանառության մեջ կդնեն «Պաշտպանության նախարարության կառուցվածքի փոփոխության մասին» նախագիծը ու բաց են լսելու առաջարկներ ու քննադատություններ:
Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց նաև Ռազմարդյունաբերության կոմիտեից՝ նշելով, որ մեկ տարի երեք ամիս է, ինչ կոմիտեն ղեկավար չունի:
«Տարօրինակ իրավիճակ է ստեղծված, այս կարևոր կոմիտեի ղեկավարի պաշտոնում մեկ տարուց ավելի է` որևէ մարդ չի նշանակվում», - նշեց նա:
Պապիկյանն էլ ասաց, որ, այո, Ռազմարդյունաբերության կոմիտեն շատ կարևոր է ու այն տեղափոխելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ խնդիր են ձևակերպել, որ Հայաստանում պետք է ունենանք ռազմական արդյունաբերություն:
«Այսինքն` ՊՆ-ն պետք է հանդիսանա պատվիրատու ու հիմնական շահառու, բայց մնացած պրոցեսները պետք է իրականացվեն մյուս նախարարությունում», - նշեց նա:
Ինչ վերաբերում է կոմիտեի նախագահին, ապա, Պապիկյանի խոսքով, այդ պաշտոնում պետք է նշանակվի փորձառու մարդ, որ սխալներ չլինեն: