10/02/2022 12:09
Տարածաշրջանի գործընթացները մեր ուշադրության կենտրոնում են․ մեր քայլերի մի մասը կարող է լինել հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային․ ԱԽ քարտուղար (Տեսանյութ)
Մենք պարբերաբար մեր շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը գնահատում ենք և դրա հետ կապված՝ քայլեր ենք կատարում։ Այդ քայլերի մի մասը կարող է լինել հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը պաշտոնապես չի արձագանքում Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման փաստին։
Արմեն Գրիգորյանը չհստակեցրեց, թե հրապարակային կամ ոչ հրապարակային արձագանք, այնուամենայնիվ, եղե՞լ է Հայաստանի կողմից այս հռչակագրին, թե՞ ոչ։
«Ցանկացած գործընթաց, որը տարածաշրջանում տեղի է ունենում, մեր ուշադրության կենտրոնում է, և անհրաժեշտության դեպքում տարբեր ձևերով արձագանքում ենք ստեղծված իրավիճակին», - եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ «Շուշիի հռչակագիրը» ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին Շուշի քաղաքում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից։
Հռչակագրով նախատեսվում է Բաքվի և Անկարայի միջև, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասպան, փոխօգնության տրամադրում՝ երրորդ երկրի կամ երկրների կողմից նրանցից որևէ մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության կամ անվտանգության նկատմամբ սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում։
Հռչակագրի կետերից մեկի համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինված ուժերի արդիականացման ուղղությամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան։