10/02/2022 19:00
«Առողջ» ափսեն՝ իմունային համակարգի գործընկեր. Ի՞նչ է պետք իմանալ
Առավոտյան հոգնածությունը, էներգիայի պակասը, վատ տրամադրությունը ընկճված իմունային համակարգի նշաններ են: Սննդաբան Արևիկ Պետրոսյանը Aysor.am-ի հետ զրույցում ասում է՝ իմունային համակարգի գլխավոր գործընկերներից է բալասնավորված սննդակարգը.
«Կարևոր է սեփական օրգանիզմը լավ ճանաչել, հասկանալու համար, թե որ մթերքն ինչ չափով, ինչպես է յուրացնում օրգանիզմը»:
Սննդաբանը խորհուրդ է տալիս սնվել ըստ սեզոնայնության.
Ձմռանը սպիտակուցային մթերքն ավելի լավ է յուրացվում օրգանիզմի կողմից, փոխարենը ամռանը միսը, ոչ ֆերմենտավորված կաթնամթերքը ծանրության զգացում են առաջացնում:
Տաք եղանակի նախընտրելի մթերքներն, իհարկե, միրգ, բանջարեղենն են: Մեր երկրի աշխարհագրությունը օգնում է առողջ սնվելու մշակույթի հարցում. վայրի կանաչեղենի պաշարների առատությունը թույլ է տալիս օրինակ դեղաբույս համարվող փիփերթն օգտագործել խոհանոցում:
Միրգն ու բանջարեղենը հատկապես համավարակի պայմաններում առավել խրախուսելի են. նվազեցնում են օրգանիզմում բորբոքային գործընթացը, մրսածության, վիրուսային հիվանդությունների դեպքում խուսափել է պետք ոչ ֆերմենտավորված կաթնամքթերքից, մսից. սրանք խթանում են օրգանիզմում բորբոքայնության գործընթացը:
Առողջ ափսեն՝ ըստ սննդաբան Արևիկ Պետրոսյանի
Սննդի բազմազանությունն առողջ ափսեի գլխավոր պայմանն է. ափսեի մեջ պետք է հավասարաչափ բաշխվեն վիտամիններ, սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր պարունակող մթերքները: Ամեն օրվա ափսեն պետք է հագեցնի օրգանիզմը բոլոր անհրաժեշտ տարրերով, շաբաթը մեկ-երկու անգամ կարելի է բացառություն անել՝ ափսեի մեջ ավելացնել «հաճույքի» ուտելիքներ, որ հիմնականում բարձր կալորիականության են:
Ածխաջրեր
Առողջության համար առավել օգտակար են համարվում բարդ ածխաջրերը։ Յուրացվում են դանդաղ, արյան մեջ շաքարի քանակը չեն մեծացնում: Բարդ ածխաջրեր պարունակող մթերքներ՝
- Վարսակ
- Հնդկաձավար
- Սիսեռ
- Ամբողջական ցորենի հաց
Ճարպեր
Օրգանիզմի աշխատանքի երաշխավորներից են, օգնում են վիտամիններ, միներալների ճիշտ ներծծման հարցում: Կան կենդանական և բուսական ծագման ճարպեր:
Ընդունված է ամենից օգտակար ճարպեր համարել ընդեղենի, սերմերի յուղերը, ինչպես նաև ձիթայուղը, ավոկադոյի յուղը:
Մկանային աշխատանքի, արյան մակարդելիության համար օրգանիզմին խիստ անհրաժեշտ են պոլի-չհագեցած ճարպեր, որ լինում են Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթուներ պարունակող: Օմեգա 3-ով հարուստ են ծովամթերքը, ընդեղենը, սերմերը: Օմեգա 6 պարունակում են խաղողի կորիզի յուղը, ընկույզի յուղը, արևածաղկի յուղը:
Սպիտակուցները հյուսվածքների, մկանների կառուցման, վերականգնման լավագույն գործընկերն են, սպիտակուցների աղբյուր են համարվում ՝
- Մսամթերք
- Ծովամթերք
- Թռչնամիս
- Կաթնամթերք
- Լոբազգիներ
- Ընդեղեն
- Սերմեր
Վիտամիններն անփոխարինելի են օրգանիզմի նյութափոխանակության, կենսագործունեության համար:
- A վիտամին կարևոր է տեսողության համար, պարունակում են կենդանիներ, ձկների լյարդը, խավիարը, ձվի դեղնուցը, գազարը, լոլիկը, մասուր, կարմիր տաքդեղը:
- B խմբի վիտամիններ անհրաժեշտ են հատկապես ածխաջրերի յուրացման հարցում, նպաստում են առողջ մաշկ ունենալուն: B վիտամիններ հայտնաբերվում են՝ ձկնեղեն, միս, ձու, կանաչ տերևավոր բանջարեղեն, սիսեռ, լոբեղեն:
- C վիտամինինի առավելագույն քանակություն կա մասուրում, սև հաղարջում, նարնջում, կիտրոնում, կարմիր տաքդեղում:
- D վիտամինի աղբյուր են ձկների կյարդի ճարպը, ձկան յուղը, ոչ մեծ քանակությամբ՝ ձվի դեղնուցը:
- E վիտամին պարունակում են գազարը, լոլիկը, սպանախը, կաղամբը, եղինջը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։