10/02/2022 21:50
Արցախում ծանրամարտը զարգացնելու և մեծ մասշտաբների հասցնելու համար լուրջ և հետևողական աշխատանքն առաջնահերթություն է․ Նազիկ Ավդալյանը կրկին Արցախում է
Արդեն մի քանի օր է` Արցախում է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:
«Արցախպրես»-ին Նազիկ Ավդալյանն ասել է, որ պատերազմից հետո Ստեփանակերտում շատ է եղել, բայց այս անգամ որոշել է այցելել Արցախի շրջաններ. արդեն եղել է Մարտունիում և Մարտակերտում:
«Շփվել եմ տեղի բնակիչների, պատանի մարզասերների հետ` հասկանալու պատերազմից հետո նրանց հոգեբանական տրամադրվածությունը, ինչպես նաև մեր հետագա անելիքները՝ Արցախին հնարավորինս օգտակար լինելու համար»,- նշել է նա։
Նազիկ Ավդալյանը Մարտունիի և Մարտակերտի երեխաների մոտ սպորտով զբաղվելու ցանկություն ու սպորտի նկատմամբ հետաքրքրություն է նկատել։
«Հավասարակշռված, զուսպ, էներգիայով լի, ֆիզիկապես ուժեղ, ծանրամարտով զբաղվելու պատրաստակամությամբ մատաղ սերունդ ունենք, և կարող ենք միջազգային հարթակներում բարձր պահել հայի պատիվը: Արցախում ծանրամարտը զարգացնելու և մեծ մասշտաբների հասցնելու համար առաջնահերթ է շատ լուրջ և հետևողական աշխատանքը: Շատ դժվար շրջան ենք ապրում, և ոչ մի պարագայում չպետք է հուսահատվենք, պետք է հավատանք մեր հաղթանակին՝ մի բռունցք դառնալով և միասնաբար գործելով»,- ընդգծել է ծանրամարտի չեմպիոնը:
Նազիկ Ավդալյանի խոսքով՝ յուրաքանչյուրն իր բնագավառում պետք է անի իրենից կախվածը․ այդ դեպքում կկարողանանք էլ ավելի զարգանալ և հզորանալ։