10/02/2022 09:49
«Փաստ». Նախարարները պատվից վեր են համարում որևէ օրինագիծ ներկայացնել, թեկուզ չափազանց մեծ կարևորություն ունեցող
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, իշխանական թիմում պարբերաբար բավականին կոնֆլիկտային վիճակներ են ծագում: Ի մասնավորի, խնդիր կա այն առումով, որ նախարարները, որոնք պարտավոր են ներկա գտնվել խորհրդարանում ոլորտային հարցերի ներկայացման ու քննարկման գործընթացին, ուղղակի չեն ներկայանում։ Նրանք խորհրդարան են գալիս միայն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, բայց պատվից վեր են համարում որևէ օրինագիծ ներկայացնել, թեկուզ չափազանց մեծ կարևորություն ունեցող:
Ի դեպ, նրանք, որպես կանոն, չեն մասնակցում ոչ միայն ԱԺ մշտական հանձնաժողովներում տեղի ունեցող քննարկումներին, այլև լիագումար նիստերին։ Հիմնականում խորհրդարան են «գործուղվում» փոխնախարարները։ Այս օրերին ընթացող հերթական քառօրյայի շրջանակում վերջին երկու օրերին քննարկվել են մեկ տասնյակից ավելի հարցեր, որոնց կեսը սահմանադրական օրենքներ են եղել, բայց փաստացի ոչ մի նախարար չի ներկայացել ԱԺ։ Թերթի տեղեկություններով, այս առումով իշխանական ուժի որոշ պատգամավորների շրջանում ընդգծված դժգոհություն կա, թե իրենց ուղղակի արհամարհում են»։