10/02/2022 13:35
Զբոսաշրջիկների համար ռեստորաններում ծխելը թերություն է․ սրանով մենք նաև ծխողներին ենք օգնում՝ ավելի քիչ ծխեն․ Քերոբյան
4 տարի առաջ թողել եմ ծխելը, մինչև այդ ծխում էի օրական 3 տուփ ծխախոտ, բայց երբ գնում էի գործուղման այնպիսի երկրներ, որտեղ հանրային օբյեկտներում ծխելն արգելված էր, ստացվում էր ծխել ընդամենը մեկ տուփ, և օրվա վերջում ինձ լավ էի զգում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հիմնավորված համարելով փակ և բաց տարածքներում ծխելն արգելող օրենքի կիրառումը։
Քերոբյանը վստահեցրեց նաև, որ ռեստորանների, հանրային սննդի օբյեկտների վրա օրենքը բացասական մեծ ազդեցություն չի թողնի, մեկ-երկու ամիս անց նրանք շրջանառությունը կվերականգնեն։
«Շատ երկրներ արդեն այս ճանապարհով անցել են, և արդյունքներն, ըստ էության, դրական են, որովհետև փորձը ցույց է տալիս, որ այո, այսպիսի սահմանափակումների ներդրման հաջորդ 1-2 ամիսը հանրային սննդի օբյեկտների շրջանառությունը սովորաբար ընկնում է տարբեր երկրներում, բայց շատ արագ էլ վերականգնվում է, որովհետև եթե բնակչության կամ հասարակության մի մասի համար ծխելն առավելություն է, մյուս մասի համար, այդ թվում՝ զբոսաշրջիկների համար, ռեստորաններում կամ հանրային սննդի օբյեկտներում ծխելը թերություն է», - ասաց նա։