11/02/2022 21:26
«Հայաստան» խմբակցությունը «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագիծ է շրջանառության մեջ դրել
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի ընդունած «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագիծ է շրջանառության մեջ դրել, «Փաստինֆո»-ին ասել է նախագծի հեղինակներից Անդրանիկ Թևանյանը։
Նախագծով, մասնավորապես, նախատեսվում է գնահատական տալ և վերաբերմունք ցուցաբերել Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրին», որը 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրել են Էրդողանը և Ալիևը, նաև առաջարկվում է սահմանել այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ Հայաստանն իրավունք չունի անցնել։
«Հայաստանի խորհրդարանի լռությունը տարօրինակ կլինի, երբ ակնհայտ հակահայկական հռչակագիր է վավերացվում, իսկ մենք որևէ ձայն չենք հանում: Հայաստանի խորհրդարանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա «Շուշիի հռչակագրին»՝ ելնելով այնտեղ առկա դրույթներից։ Մենք էականորեն պետք է վերանայենք ազգային անվտանգությունը»,-ասել է պատգամավորը:
«Հայաստան» խմբակցության հեղինակած նախագիծն արդեն իսկ դրվել է շրջանառության մեջ, առաջիկայում կմտնի նաև ԱԺ հերթական նիստերի օրակարգ կամ կքննարկվի արտահերթ նիստով։
«Հուսով ենք՝ իշխող մեծամասնությունը չի մերժի նախագիծը, այլապես կստացվի, որ ՔՊ-ն ողջունում է «Շուշիի հռչակագիրը»,-ասել է Թևանյանը:
Նախագծի հեղինակներն են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Թևանյանը և Արմեն Ռուստամյանը: