11/02/2022 18:20
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Կարպիս Շամլյանը
82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Կարպիս Շամլյանը։
Կարպիս Շամլյանը ծնվել է Ալեքսանդրիայում։ 1947 թվականին հայրենդարձել է, բնակվել է Լենինականում, այնուհետև հրավիրվել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա՝ առանց քննությունների։
Ուսմանը զուգահեռ նկարահանվել է «Նվագախմբի տղաները» (1960 թ.), «Ճանապարհ» (1961 թ.), «Գիշերվա ժամադրություն» (1961 թ.) և այլ ֆիլմերում։
1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Արտաշես Հովսեփյանի արվեստանոցը։ 1964 թվականից հանդես է եկել Լենինականի պետական թատրոնում, 1971 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան էր։
2008 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, ՀԹԳՄ ոսկե մեդալի է արժանացել 2012 և 2015 թվականներին, 2015 թվականին ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ է ստացել։