11/02/2022 17:47
Արցախի ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ նոր նախարարին կհաջողվի կրթական համակարգը հասցնել համապատասխան մակարդակի
Փետրվարի 11-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԿԳՄՍ նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանի հետ:
Խորհրդարանի ղեկավարը կառավարության նոր անդամին բեղմնավոր աշխատանք է մաղթել: Գնահատելով Անահիտ Հակոբյանի կազմակերպչական ջիղը՝ Արթուր Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ նրան կհաջողվի կրթական համակարգը հասցնել համապատասխան մակարդակի:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կանի իրենից կախվածը այս բարդ ժամանակահատվածում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտակրթական համակարգի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
Օրենսդիրի ղեկավարը անդրադարձել է ոլորտի առողջացման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին:
Հանդիպմանը ներկա էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:
Նույն օրը ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը հանդիպել է խորհրդարանի ոլորտային հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը, որին ներկա էին նաև ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և նախարարության ոլորտային պատասխանատուները, քննարկվել են կրթությանն առնչվող օրենսդրական նախաձեռնությունները: Խորհրդարանականները շեշտել են, որ անկախ քաղաքական հայացքներից՝ միակամ են կրթության զարգացմանն աջակցելու հարցում: