11/02/2022 09:43
«Ժողովուրդ». Նոր ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանում նաև ցանկություն է հայտնել լինել կալանավորված Բորիս Բախշիյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովը 2021 հունվարի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունեց հակակոռուպցիոն երկու առանցքային նախագիծ՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Հակակոռուպցիոն կոմիտե և հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթները: Դրանք ներկայացրել էր կառավարությունը 2019թ. ընդունած Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ նոր ստեղծվելիք դատարան աշխատանքի անցնելու համար դիմել են հայտնի գործեր քննած դատավորներ, մասնավորապես՝ աղմկահարույց գործեր քննած դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը, որը իշխանությունների «սրտի դատավորն» է համարվում և եղել է նախկին դատախազ:
Սակայն ուշագրավ այն է, որ նոր ստեղծվելիք դատարանում նաև ցանկություն է հայտնել լինել և, դեռ ավելին, ցուցակում է ընդգրկված եղել օրերս կալանավորված Բորիս Բախշիյանը, սակայն շաբաթը ուրբաթից շուտ է եկել, և դատավորը, ըստ էության, չի կանխատեսել, որ իրեն կալանավորելու են:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ կալանավորելուց հետո վերջինիս անուն-ազգանունը հանել են նոր ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանում աշխատել ցանկացող դատավորների ցանկից»։