11/02/2022 18:00
«Մեր ժամանակների համաճարակը»՝ ճարպակալում․ ինչպե՞ս պայքարել գիրացման դեմ և բարձրացնել կյանքի որակը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճարպակալումը «մեր ժամանակների համաճարակ» է համարում։ Աշխարհում այս առումով «առաջատար» են Մեքսիկան, որի բնակչության 32,8 տոկոսն ունի ճարպակալման խնդիր և ավելորդ քաշ, ԱՄՆ-ն՝ 31,8 տոկոս, Սիրիան՝ 31,6 տոկոս, Վենեսուելան ու Լիբիան՝ 30,8 տոկոս։
Ավելորդ քաշի առկայությունը պայմանավորված է օրգանիզմում նյութափոխանակության խախտմամբ։ Որպես կանոն, մարդիկ գիրանում են նաև ուղեկցող հիվանդությունների դեպքում՝ հաճախ անգամ չկասկածելով դրանց մասին կամ մեծ նշանակություն չտալով այդ հիվանդություններին։
Եվ այսպես, ինչու՞ է քաշն ավելանում, որո՞նք են հիմնական պատճառները, որոնք ճարպակալման ու գիրացման են հանգեցնում
Ծախսած ու կուտակած էներգիայի անհամաչափություն․ նստակյաց կյանք վարելն ու բարձր կալորիականությամբ սնունդ ընդունելը ավելորդ քաշի առաջացման հիմնական պատճառներից է։
Գենետիկ հակվածություն․ դուք կարող եք գիրությունը «ժառանգել» ծնողներից, տատիկ-պապիկներից կամ ազգականներից։
Սեռով և տարիքով պայմանավորված գործոններ․ հատկանշական է, որ կանայք ավելի շատ են գիրանում՝ օրգանիզմի հորմոնալ առանձնահատկությունների և, տղամարդկանց կազմվածքի համեմատ, ավելի քիչ մկանային զանգված ունենալու պատճառով։ Բացի այդ, նյութափոխանակությունը տարիքի հետ դանդաղում է, էներգիա ծախսելու ցանկությունն ու կարիքը՝ նվազում, ինչն աստիճանաբար հանգեցնում է ճարպային բջիջների կուտակմանն ու մարմնի քաշի ավելացմանը։
Էնդոկրին գեղձերի առաջնային պաթոլոգիան կամ հիպոթալամուսի դիսֆունկցիան ևս ավելորդ քաշի առաջացման պատճառ կարող են լինել։
Ի՞նչ բարդություններ ու հետևանքներ կարող են առաջանալ ավելորդ քաշի և ճարպակալման դեպքում
- Աղեստամոսքային համակարգի հիվանդություններ
- Պանկրեատիտ (ենթաստամոքսային գեղձի բորբոքում)
- Զարկերակային գերճնշում
- Լեղապարկի, լյարդի հիվանդություններ
- 2-րդ տիպի շաքարային դիաբետ
- Սրտի իշեմիկ հիվանդություն
- Կաթված
- Ամենորեա (կնոջ վերարտադրողական տարիքում դաշտանային ցիկլի բացակայություն), անպտղություն, դաշտանային ցիկլի խախտումներ, տղամարդկանց մոտ՝ սեռական անկարողություն
- Շնչառական, ոսկրամկանային համակարգի հիվանդություններ (հիպովենտիլյացիայի համախտանիշ, հոդատապ, օստեոարթրոզ)
- Ստորին վերջույթների անոթային հիվանդություններ
- Քաղցկեղի առաջացման ռիսկ
Առողջությանը վնասելուց զատ, ճարպակալումը, ավելորդ քաշի կուտակումը խաթարում է նաև մարդու հոգեկան ու հուզական հավասարակշռությունը, մեծացնում է տագնապի զգացողությունը, հաճախակի դեպրեսիաների պատճառ է դառնում, նվազեցնում է սեռական ցանկությունն ու սեռական ֆունկցիան, բարդույթների առաջացման, իքնագնահատականի անկման պատճառ դառնում։
Գիրացման դեմ պայքարելը որքան դժվար է, այնքան էլ հեշտ։ Սկսեք ամենապարզից․ փորձեք մի փոքր փոխել կենսակերպը, մի փոքր ավելի բարձրացնել կյանքի որակը. աստիճանաբար հրաժարվել վնասակար սննդից, մի փոքր ավելի շատ շարժվել՝ օրական 10-15 րոպե վարժություններ՝ մարզանք անել, մի փոքր ավելի ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ ու փորձել մասնագետի կամ բժշկի օգնությամբ լուծել այն խնդիրները, որոնք ձեզ անհանգստացնում են։
Վերջնարդյունքը կախված է միայն ձեզանից։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։