11/02/2022 22:05
Դասական երաժշտությամբ լույս ու բարություն են սփռում. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել Մարկ Բուշկովն ու Միրիամ Պրանդին
Փետրվարի 10-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երաժշտասերներին ներկայացրեց Գաբրիել Ֆորեի, Կամիլ Սեն-Սանսի, Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես եկան ջութակահար Մարկ Բուշկովը և թավջութակահար Միրիամ Պրանդին։
Ֆրանսիացի կոմպոզիտոր Կամիլ Սեն-Սանսի Ջութակի թիվ 3 կոնցերտը մեծ ճանաչում է վայելում։ Սեն-Սանսի արվեստին բնորոշ են քնարականությունը, խորաթափանցությունը, նրբագեղությունը, զգացմունքայնությունը։ Հեղինակի արվեստի բոլոր այդ նրբերանգները մեծ վարպետությամբ ունկնդրին էր փոխանցում ջութակահար Մարկ Բուշկովը։ Նա բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր է։
Երիտասարդ ջութակահարն առաջին անգամը չէ Հայաստանում։ Նա բազմիցս համագործակցել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
«Շնորհիվ մաեստրո Սերգեյ Սմբատյանի Հայաստան ժամանելու և այստեղ ելույթ ունենալու մի քանի հնարավորություն ունեցել եմ»,- ասում է Մարկ Բուշկովը՝ ավելացնելով, որ իր առաքելությունը՝ որպես երաժիշտ, որպես արտիստ, դասական արվեստը մատուցելն ու տարածելն է, արվեստի միջոցով հուզելը, գեղեցիկ զգացումներ պարգևելը։ Երաժշտությունը, ըստ նրա, հաղորդակցման միջոց է, այն խոսում է ունկնդրի զգացմունքների հետ։
Բուշկովը ջութակահարների ընտանիքից է, այս գեղեցիկ գործիքը նրան նվագել սովորեցրել է պապը։ Ասում է, որ փոքր տարիքում կարծում էր, թե աշխարհում բոլորը ջութակ են նվագում։
Երեկոյի ընթացքում հնչել է նաև Դմիտրի Շոստակովիչի Թավջութակի թիվ 1 կոնցերտը, որը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացրել է թավջութակահար Միրիամ Պրանդին։ Schweizer Musikzeitung պարբերականն իտալացի թավջութակահարուհուն անվանել է կատարողական զարմանալի անկեղծություն ունեցող երաժիշտ, որը նվագելիս ամբողջությամբ տրվում է իր գործիքին։ Այս բնութագրմանը թավջութակահարուհին արժանացել է 2014 թվականին միջազգային մրցույթում Դվորժակի Թավջութակի կոնցերտը կատարելուց հետո։
Երեկոյի ընթացքում հնչել է նաև ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի «Պավանան»։
Համերգը ղեկավարում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ գլխավոր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։ Մաեստրոն նշում է, որ երաժիշտների խնդիրը լույսն ու բարությունն աշխարհում սփռելն է։ Եվ իրենց կատարումները հենց սրա արտահայտությունն են։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երաժշտասերներին հրավիրում է նաև փետրվարի 23-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունենալիք համերգին, որի ընթացքում ելույթ կունենա Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթող, ջութակահար Դիանա Ադամյանը, իսկ համերգը կղեկավարի անվանի դիրիժոր Ստեֆան Ֆրուխտը։ Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն Ֆելիքս Մենդելսոնի և Ֆրանց Շուբերտի ստեղծագործությունները։