12/02/2022 17:25
«Ինչքա՞ն պետք է միայնակ պայքարենք այս ամենի դեմ․ քաղաքակիրթ աշխարհն էլ պետք է ինչ-որ կերպ արձագանքի»․ Արցախի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի իրականացրած մշակութային ցեղասպանության մասին
Արցախի բռնազավթված տարածքներում գտնվող հայկական եկեղեցիները «աղվանական» ներկայացնելու և այդ պատճառաբանությամբ եկեղեցիներից հայերեն գրություններն ու հայկական հետքերը վերացնելու Ադրբեջանի մշակույթի նախարարության նախաձեռնությունը մշակութային ցեղասպանություն է հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Բաբայանը մանրամասնեց՝ մշակութային ցեղասպանությունը հետևյալ կերպ է իրականացվում. ոչնչացվում են մեր եկեղեցիները, հուշարձանները, գերեզմանաքարերը, խեղաթյուրվում է կոթողների, պատմական հուշարձանների ծագումը, յուրացվում է հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունը։
««Աղվանական եկեղեցիների» թեզն են առաջ քաշել: Դա, իհարկե, անհեթեթություն է: Դա արվում է այն դեպքում, երբ նրանք չեն կարողանում պարզապես քանդել այդ եկեղեցիները, ասենք՝ Դադիվանքը: Եթե իրենցով լիներ՝ վաղուց էին ոչնչացրել: Բայց քանի որ չեն կարողանում, փորձում են այլ կերպ վերացնել մշակութային կոթողների հայկականությունը և դարձնել «ոչ հայկական» մշակույթի կոթող», - ասաց Արցախի արտգործնախարարը:
Դավիթ Բաբայանը նշեց նաև, թե ինչպես են Ադրբեջանում մատուցում «աղվանական եկեղեցիների» թեզը կամ փորձում հիմնավորել իբրև թե՝ հին Աղվանքից մնացած կոթողների «կապը»՝ ադրբեջանական մշակույթի հետ։
«Դա նույնն է, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե թուրքերն առաջինն են իջել Լուսնի վրա: Էդպես են իրենք գործում: Շումերներին էլ են ներկայացնում իբրև «ադրբեջանցիներ»՝ այն դեպքում, երբ ադրբեջանական ազգը 1936 թվականին է պաշտոնապես ստեղծվել: Քաղաքակիրթ աշխարհն էլ պետք է գոնե ինչ-որ կերպ արձագանքի: Լավ, ինչքա՞ն պետք է մենք միայնակ պայքարենք այս ամենի դեմ: Իհարկե, մենք շարունակելու ենք պայքարել այդ ամենի դեմ, հարցը դա չէ: Առաջին հերթին պետք է ինքներս միավորվենք, ապաքինվենք այս ամենից և ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք», ընդգծեց Դավիթ Բաբայանը։