12/02/2022 12:29
«Գառնի» և «Լոռի բերդ» արգելոցներում կնշվի Տյառնընդառաջը
Փետրվարի 13-ին՝ ժամը 17:00-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում կնշվի Հայ Առաքելական եկեղեցու տերունական տոներից մեկը` Տյառնընդառաջը:
«Գառնի» արգելոց-թանգարանում նախանշված միջոցառումը կմեկնարկի Գառնի համայնքի Սուրբ Խաչ եկեղեցուց: Մասնակիցները եկեղեցու կանթեղներից վերցված կրակով ու ազգային երգ-երաժշտության ուղեկցությամբ կշարժվեն արգելոց-թանգարան, որտեղ միջոցառման համար առանձնացված հատուկ վայրում /խոտածածկ տարածքում/ կվառվի Տյառընդառաջի խարույկը:
«Գառնի»-ում կատարումներով հանդես կգա «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում ևս միջոցառումը կսկսվի ժամը 17։00-ին։ Խարույկը կվառվի արգելոցի տարածքում՝ հատուկ առաձնացված վայրում։
«Լոռի բերդ»-ում կատարումներով հանդես կգա «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը։
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում նախանշված միջոցառման նպատակը՝ ազգային, ավանդական տոները պահպանելով, հուշարձանը ժողովրդին ավելի մոտեցնելն ու մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունք ձևավորելն է:
Մուտքը՝ պատմամշակութային արգելոց և արգելոց-թանգարան այցելության համար նախատեսված տոմսերով։