12/02/2022 14:56
Իրավիճակը բարդ է, բայց արցախցին հաստատակամ է. Արցախը երբևիցե չի լինելու Ադրբեջանի կազմում, սա պետք է բոլորն իմանան. Դավիթ Բաբայան (Տեսանյութ)
Արցախում իրավիճակը բարդ է, բայց արցախցին հաստատակամ է: Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նշում է՝ Արցախը ծանր վիրավոր է, բայց ոգին՝ անկոտրուն:
«Անկախ տարբեր տիպի պրովոկացիաներից, Ադրբեջանի կողմից կիրառվող ճնշումներից՝ մենք մեր ճանապարհից շեղվողը չենք, իսկ կրակոցներ միշտ եղել են ու, դժբախտաբար, կլինեն, որովհետև սա է թշնամու ոճը», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բաբայանը:
Արցախի ԱԳ նախարարը օրերս եղել է Բրյուսելում. շեշտել է՝ ագրեսիան, որ տեղի ունեցավ, ոչ միայն Արցախի ու Հայաստանի նկատմամբ է, այլ՝ ողջ քաղաքակիրթ աշխարհի:
«Մենք ուղղակի առաջինն էինք, հաջորդը մյուսներն են, երբ դա կլինի, ցույց կտա ժամանակը, բայց, եթե քաղաքակիրթ աշխարհը աչք փակի բոլոր այդ գործողությունների վրա, ուրեմն ժամանակի գործոնը շատ ավելի շուտ է գալու», - նշեց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելուն՝ Դավիթ Բաբայանն ասաց, թե Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիր»-ը միշտ եղել է վերջնանպատակ ու այդ պայմանագրով պետք է վերջնականապես կարգարվորվի ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը, այլ հարց է,որ Ադրբեջանն այլ պատկերացում ունի:
«Նա ուզում է, որ մենք լքենք Արցախը, սա է իր նպատակն ու չի թաքցնում, հետևաբար, պետք է աշխատել այդ պայմանագիրը կյանքի կոչելու, բայց ոչ Ադրբեջանի տեսակետից», - նշեց նա՝ ընդգծելով, որ պաշտոնական Ստեփանակերտը միշտ ասել է՝ հակամարտությունը կարող է կարգավորել միայն, եթե համապարփակ ձևով հաշտեցում լինի հասարակությունների միջև, ադրբեջանական հասարակությունը, սակայն, ըստ Բաբայանի, պատրաստ չէ:
«Խնդիրը ժողովրդի մեջ չէ, չի լինում լավ կամ վատ ժողովուրդ, բայց լինում են վատ ու լավ պետություններ, ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք երկիր, որտեղ նացիզմը պետական քաղաքականություն է», - շեշտեց Արցախի ԱԳ նախարարը:
Նա հայտարարեց, որ Արցախը երբևիցե չի լինելու Ադրբեջանի կազմում. սա պետք է բոլորն իմանան: