12/02/2022 15:40
Ուսումնական դժվարություններ ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար շատ բան է իրականացվում, սակայն փոքր քայլերով. հատուկ մանկավարժ
Զարգացման յուրահատկություն ունեցող երեխաների կրթության իրավունքի և այդ իրավունքի իրացման արդյունքում այդ երեխաների կյանքի որակի մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է հատուկ մանկավարժ` օլիգոֆրենոմանկավարժ Սիրանուշ Մուրադյանի հետ։
Նրա խոսքով՝ նախքան ուսումանական բուն գործընթացին անցնելը՝ նշված խմբի երեխաները անցնում են կրթական կարիքի գնահատում։ Գնահատումը կատարում են Տարածքային մակավարժահոգեբանական գնահատման և աջակցության կենտրոնի մասնագետները։
«Նախ, երեխային գնահատում են մանկավարժները՝ դպրոցում, եթե տեսնում են, որ նրա մոտ որոշակի դժվարություններ կան։ Սա գնահատման առաջին փուլն է։ Եթե 6 ամսվա առանձին պլանով աշխատելուց հետո երեխան կրկին աջակցության կարիք է զգում, դիմում են տարածքային աջակցության կենտրոն։ Կենտրոնը ուսումնական, բայց ոչ բժշկական տեսանկյունից գնահատում է երեխային։ Սա երկրորդ փուլն է։
Շատ դեպքերում մեր մասնագետները կցվում են դպրոցի մանկավարժներին, դասապրոցեսի ժամանակ իրականացնում են աշխատանքներ, որոնք օգնում են երեխային յուրացնել ուսումնական նյութը», - ներկայացրեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ երրորդ փուլը բուն աջակցության գործընթացն է։
Այս փուլում աշխատանքներ տարվում են և՛ երեխայի, և՛ ծնողի, և՛ դպրոցի անձնակազմի հետ։ Երեխային աջակցում են ներառվել դասարանի, դասապրոցեսի, համայնքի մեջ, ադապտացվել շրջապատին։ Այս ընթացքում ուսումնական դժվարություններ ունեցող երեխան սովորում է հանրակրթական դպրոցում, բայց ոչ հանրակրթական ծրագրով։ Ուսուցումը կատարվում է հատուկ ծրագրով, որը կոչվում է ԱՈՒՊ (անհատական ուսուցման պլան)։
«Ոլորտում շատ բան է արվում, բայց շատ փոքր քայլերով։ Միակ բացթողումն այն է, որ մենք ներառական կրթությունը սկսել ենք դպրոցներից, այնինչ պետք էր սկսել նախադպրոցական հաստատություններից։ Այս ծրագիրն իրականանում է արդեն այս տարվանից», - ասաց Սիրանուշ Մուրադյանը։
Մասնագետը շեշտեց, որ ուսումնական դժվարություններ ունեցող երեխաներից շատերը հետևողական աշխատանքի արդյունքում հաջողությամբ ընդունվում են միջին մասնագիտական կրթական հաստատություններ, նաև լինում են դեպքեր, երբ երեխաները բուհ են ընդունվում:
«Զարգացման յուրահատուկ ընթացք ունեցող երեխաների կրթությունն ու կյանքի որակը հինգ բալանոց սանդղակով նախկինում 2 կգնահատեի, իսկ հիմա՝ 5-ից 3։ Անելիքները հիմա էլ շատ են։ Ոլորտի ամենամեծ խնդիրն այն է, որ շատ դպրոցներ պատրաստ չեն ուսումնական դժվարություններ ունեցող երեխաներին ներառել իրենց թիմ։ Շատ դպրոցների դեպքում մերժողոկան վերաբերմունք է լինում։ Մյուս խնդիրը զարգացման յուրահատկ ընթացք ունեցող երեխաների նկատմամբ ուսուցիչների թույլ մեթոդիկան է», - ասաց հատուկ մանկավարժը։
Եզրափակելով խոսքը՝ Սիրանուշ Մուրադյանը նկատեց, որ հետևողական ծնողներ ունեցող երեխաները դպրոցն ավարտելուց հետո ձեռք են բերում մասնագիտություն, անցնում աշխատանքի։ Մինչդեռ խնդրահարույց ընտանքիներ ունեցող երեխաները դպրոցն ավարտելուց հետո ոչնչով չեն զբաղվում։
«Այս երեխաները հիմնականում ուղղորդվում են արհեստագործական խմբակներ՝ որևէ արհեստ սովորելու։ Որպես կանոն՝ գործատուների 15-20 տոկոսն է ուսումնական դժվարություններ ունեցող երեխաներին վերցնում հիմնական աշխատանքի՝ խտրականություն չդնելով նրանց և մյուս երեխաների միջև», - ասաց հատուկ մանկավարժը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։