12/02/2022 16:00
Ինչպե՞ս են սոցցանցերն ազդում երեխայի հոգեբանության վրա և ինչպե՞ս ծնողը «հսկիչից» վերածվի ընկերոջ
20-րդ դարի հայտնագործությունն ու ձեռքբերումը համարվող սոցցանցերը փոխեցին մարդկության կյանքի ռիթմը, բովանդակությունը, որակը, դարձան հարազատների և մտերիմների հետ կապ պահպանելու միջոց, աշխարհի բոլոր ծայրերից ինֆորմացիա ստանալու աղբյուր, մի շարք այլ առավելություններ ընձեռեցին ժամանակակից հասարակությանը, որի անդամներն են նաև երեխաները։
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում երեխաները վաղ տարիքից օգտվում են համացանցից, երբեմն նաև՝ մեծահասակներից ավելի լավ ու արագ են կողմնորոշվում սոցիալական ցանցերում։
Ըստ հետազոտությունների, 2000-ականների սերնդի գերակշիռ մեծամասնությունը իր էջն ունի Instagram-ում, TikTok-ում, Facebook-ում կամ որևէ այլ հանրահայտ սոցցանցում։
Բազմաթիվ ծնողներ, սակայն, մտահոգվում են՝ երեխաներն ավելի ու ավելի շատ ժամանակ են անցկացնում վիրտուալ աշխարհում՝ ժամեր շարունակ «թերթելով» ընկերների, մտերիմների, երբեմն նույնիսկ՝ անծանոթ մարդկանց էջերը․ արժե արդյոք սահմանափակել 21-րդ դարի քաղաքացիների մուտքը սոցցանցեր, որոնք լի են ինչպես օգտակար, այնպես էլ անչափահասի հոգեկան առողջության համար վտանգավոր ինֆորմացիայով։
Հոգեբաններն այս առնչությամբ որոշ օգտակար և փորձի վրա հիմնված խորհուրդներ են պատրաստել ծնողների համար։ Մինչ այդ, սակայն, նրանք ծնողների ուշադրությունն են հրավիրում համացանցի և սոցիալական ցանցերի վնասակար հետևանքների վրա․ ի՞նչ վտանգներով է հղի երեխայի, անչափահասի կողմից դրանցով չափից ավելի շատ տարվելը։
Այսպես՝ հատկապես հայ հասարակությունում, որտեղ երեխայի նկատմամբ վերաբերմունքը յուրահատուկ է, և նա միշտ ընտանիքի և հարազատների ուշադրության կենտրոնում է, համացանցով ու սոցիալական ցանցերով չափազանց շատ տարվելը փոքրիկի մոտ կարող է երկփեղկվածություն առաջացնել․ չափազանց երկար ժամանակ անցկացնելով համակարգչի առջև՝ փոքրիկի կենդանի շփումը ընտանիքի անդամների, իրեն շրջապատողների հետ ակամայից կկրճատվի, իսկ որոշ ժամանակ անց կհանգեցնի դժվարությունների իրական կյանքում․ երեխան կարող է ինքնամեկուսացված դառնալ, դժվարանալ մտնել երկխոսության մեջ, դժկամությամբ շփվել ազգականների, հարազատների հետ, իսկ որոշ ժամանակ անց, արդեն, առաջնային նշանակություն չտալ ընտանեկան արժեքներին կամ մեծահասակների հորդորներին։
Սոցցանցում սեփական էջով չափազանց շատ տարվելը, այնտեղ ակտիվորեն և շատ հաճախ լուսանկարներ տեղադրելը, դրանց ներքո մեկնաբանություններին, հատկապես հաճոյախոսություններին մեծ կարևորություն տալը երեխայի մոտ նաև պարզ էգոիզմ կարող է առաջացնել, տպավորություն ստեղծել, թե երկրագունդն իր շուրջն է պտտվում, ակամայից ստիպել, որպեսզի նա ավելացնի իր ներկայությունը վիրտուալ աշխարհում։
Ուրեմն ի՞նչ և ինչպե՞ս անել, որպեսզի համացանցը, սոցիալական ցանցերը չվնասեն երեխաների փխրուն հոգեբանությունը կամ ինչպե՞ս վարվել այս և այլ խնդիրների դեպքում։ Հոգեբանների խորհուրդներն այն ծնողների համար են, ում երեխաները շատ մեծ նշանակություն են տալիս վիրտուալ աշխարհում կատարվողին և սկսել են կտրվել իրականությունից։
Մասնագետների կարծիքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է պարզ ու հասկանալի կերպով երեխային բացատրել սոցցանցերի վնասակար ազդեցության մասին։
Հարկավոր է խթանել, որպեսզի փոքրիկներն ավելի շատ ժամանակ անցկացնեն իրական, քան վիրտուալ կյանքում․ հաճախ զբոսնել, հատկապես՝ այնպիսի վայրերում, որոնք հետաքրքիր են երեխաների համար, որտեղ կարելի է ինչ-որ նոր բան տեսնել կամ սովորել կամ որտեղ փոքրիկի ժամանցը կազմակերպվում է իրական խաղերով։
Ամենափոքր տարիքից երեխային դրդել, որպեսզի նա ավելի շատ ժամանակ անցկացնի ընկերների ու հարազատների հետ՝ նրա հոգեբանության մեջ ամրագրելու համար, որ կենդանի, ջերմ շփումն անփոխարինելի է, շատ ավելի ամուր, քան համացանցում։
Խրախուսել նրա հետաքրքրություններն իրական կյանքում․ երեխային ներգրավել տարբեր խմբակներում, որոնք համապատասխանում են նրա նախասիրություններին, փոքրիկի օրը դարձնել ավելի հագեցած, փոխել նրա կյանքի ռիթմը, որակը, առօրյա միապաղաղությունը փոխարինել իրական կյանքի վառ գույներով։
Վերահսկել երեխայի ներկայությունը սոցցանցում․ դրա համար կան ծնողների համար նախատեսված բազմաթիվ հավելվածներ։
Եթե երեխան, դիտելով այլոց լուսանկարները, դժգոհում է, որ մյուսներից ավելի վատ է ապրում, բացատրել նրան, որ համացանցում առկա բոլոր լուսանկարներն ընդամենը դրվագներ են իրական կյանքից, ընդ որում՝ երբեմն բավականին լավ «խմբագրված»։
Եվ ամենակարևորը՝ երեխայի հետ վստահելի, ջերմ հարաբերություններ հաստատել։ Միայն այդ դեպքում է հնարավոր նրան վիրտուալ աշխարհից իրական կյանք տեղափոխել։ Ծնողները «հսկիչից» պետք է վերածվեն ընկերոջ՝ սեփական երեխայի համար։ Այդ դեպքում նա ավելի շուտ կընկալի, որ իրական հոգատարությունը, իսկական մեկ ընկերն ավելի լավ է, քան հազարավոր հետևորդները՝ սոցցանցերում, և որ ավելի լավ է վայելել սեփական՝ վառ ու գունեղ կյանքը, քան անվերջ հետևել ուրիշների կյանքին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։