12/02/2022 11:07
Հայցում ենք Սուրբ Սարգսի բարեխոսությունը գերության մեջ գտնվող և անհայտության քողով ծածկված մեր տղաների համար. Արցախի թեմի առաջնորդ
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրհնության խոսք ու պատգամ է հղել երիտասարդներին Սուրբ Սարգիս Զորավարի Տոնի առիթով:
«Աղոթքով ու սրտի անկեղծ ջերմությամբ շնորհավորում ենք բոլորիդ` Հայոց Եկեղեցու ամենասիրելի սրբերից մեկի` Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ։ Սուրբ Սարգիսը առանձնահատուկ ընդունելության է արժանացել հայոց մեջ և դարձել համաժողովրդական կերպար, որի շուրջ մեր ժողովուրդը ստեղծել է բազում ավանդազրույցներ ու գեղեցիկ սովորույթներ։
Լինելով հմուտ զորավար և մարտիկ` նա մեծ դիրք ուներ հռոմեական բանակում, բայց նա ավելի գերադասեց լինել Քրիստոսի զինվոր, և իր ամբողջ ծառայության ընթացքում քարոզում էր և իր աղոթքով հրաշքներ գործում։ Չխորանալով Սրբի կենսագրական մանրամասնությունների մեջ և ընդհանուր հայացք գցելով Նրա կերպարի վրա` իսկապես ոգեշնչվում ես, և այդպես է եղել դարեր շարունակ։
Ո՞վ է Սուրբ Սարգիսը մեզ համար, և ինչ պետք է այսօր սովորենք Նրանից։ Նախ տեսնում ենք, որ նա զորավար էր, բայց միևնույն ժամանակ նվիրված քրիստոնյա։ Նա երբեք չթողեց իր զինվորական ծառայությունը, այլ կռվելով իր հայրենիքի համար` միաժամանակ եղավ ակտիվ քարոզիչ իր հավատի։ Սա մեզ միանգամից բերում և կանգնեցնում է մերօրյա իրականության առջև, երբ մեր նվիրյալ զինվորները մահու չափ սիրեցին մեր երկիրը։ Ուստի Սուրբ Սարգիսը միշտ եղել է ու կմնա մեր զինվորների ամենամեծ բարեխոսներից մեկը։ Ինչպես նաև տեսնում ենք, որ նա, լինելով քայլող Սուրբ, չազատվեց մարմնական մահից, բայց արժանացավ հավիտենական կյանքի, ու մինչև այսօր նրա անունը հրաշագործում է մեր մեջ։ Այդպես էլ մեր նորօրյա նահատակները, չխուսափեցին մարմնական մահից, բայց արժանացան հավիտենության։ Սուրբ Սարգսի կերպարը մեզ լավագույնս սովորեցնում է, որ Աստծո «լինել — չլինելը» կախված չէ Նրա անխտիր բոլորին մահից փրկելու հանգամանքից, այլ ամեն բան տեղի է ունենում հավիտենության շրջանակներում։
Ամենակարևոր դասը, որ սովորում ենք Սուրբ Սարգսից, դա հանուն Սուրբ գաղափարի ապրելու և մինչև մահ չընկրկելու կամք ունենալն է։ Սուրբ Սարգիսը մեզանում ընդունված է նաև որպես երիտասարդների բարեխոս և հովանավոր, որովհետև նա իր երիտասարդ որդուն` Մարտիրոսին սնեց և մեծացրեց որպես մի նվիրյալ կերպար, ով մշտապես ծառայակից եղավ իր հորը` մինչև ի մահ հավատարիմ մնալով իր կոչմանը։
Մեր ժողովուրդը մշտապես խնդրել է Սուրբ Սարգսի բարեխոսությունը երիտասարդների համար, նոր կազմավորվող ընտանիքների համար, և վերջապես սիրահարների համար։ Ընտանիքի ամրությունը մեծապես կախված է զույգերի ճիշտ ընտրությունից, ուստի նրանք մշտապես խնդրում են Սրբի բարեխոսությունը նաև այս հարցում։ Աղի բլիթի ժողովրդական ավանդույթից առավել կարևոր է, որ մենք ապրենք քրիստոնեական կենցաղավարությամբ, որով և ամեն մեկը կգտնի իր լավագույն կեսին և կկազմի ամուր հայկական ընտանիք։
Հայցում ենք Սուրբ Սարգսի բարեխոսությունը` գերության մեջ գտնվող և անհայտության քողով ծածկված մեր տղաների համար, որովհետև դարեր շարունակ ժողովրդի ընկալման մեջ նա եղել է նաև գերիներին վերադարձնող Սուրբ։
Ուստի սիրելի երիտասարդներ, փորձեք ապրել ձեր կյանքը «հանուն»-ի բանաձևով, և ոչ անձնական ու եսակենտրոն ձևով, և գտեք ձեր առաքելությունը այս կյանքում։ Թող Սուրբ Սարգիսը նաև բարեխոս լինի բոլոր հայ երիտասարդների համար, լինի նրանց համար ուղենշային կերպար և կատարելատիպ», - ասված է Տեր Վրթանեսի պատգամում: