14/02/2022 10:58
Ալիևը նշել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման պայմանները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև պետք է լինի խաղաղության համաձայնագիր, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։
«Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր։ Այն պետք է ստորագրվի իրավունքի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով», - ասել է Ալիևը Աղդամի շրջան կատարած այցի ժամանակ։
Նա նշել է, որ «ադրբեջանական ժողովուրդը և ոչ ոք երբեք չպետք է մոռանա հայերի կատարած վայրագությունները»։
Ալիևը նաև վստահություն է հայտնել, որ այն աշխատանքը, որը ներկայում կատարում է Ադրբեջանը ռազմական շինարարության ոլորտում, «ավելի կամրապնդի երկիրը և պատասխան կլինի Հայաստանի ռեւանշիստական ուժերին»։
«Մենք մեր հողերում ենք։ Արյուն թափելով վերադարձանք այս հողերը։ Մենք ամուր կանգնած ենք այս հողերի վրա և ապրելու ենք այստեղ։ Ղարաբաղը Ադրբեջան է», - ասել է Ալիևը։