14/02/2022 15:12
Ինչո՞ւ են երեխաներն ավելի քիչ հիվանդանում կորոնավիրուսով կամ ավելի հեշտ հաղթահարում այն
Գիտական շրջանակում նորություն չէ, որ երեխաների օրգանիզմն ավելի հեշտ է «հարմարվում» նոր հիվանդություններին, քան մեծահասակներինը։ Այդ պատճառով է, որ շատ հիվանդություններ՝ ջրծաղիկը, կարմրուկը, մանուկներն ավելի հեշտ են հաղթահարում, քան մեծահասակները։ Բժիշկներն ու գիտնականները չեն բացառում, որ COVID-19-ի դեպքում էլ կարող է նույնը լինել․ գուցե այդ պատճառով է, որ երեխաները հիվանդությունն ավելի թեթև են տանում կամ ավելի քիչ են վարակվում կորոնավիրուսով։
Համավարակի բռնկման առաջին իսկ ամիսներից պարզ դարձավ, որ նոր վիրուսը, կարծես, «շրջանցում» է երեխաներին, իսկ եթե մանուկները կամ անչափահասները վարակվում են Կովիդով, ապա հիվանդությունն ավելի արագ ու հեշտ են հաղթահարում, քան մեծահասակները։
Կորոնավիրուսի տարածման ընթացքում իրավիճակն արմատապես չփոխվեց, բայց այդ ժամանակահատվածում մասնագետները հասցրին ուսումնասիրություններ անել ու որոշակի եզրահանգումների գալ։
Ըստ մասնագետների՝ պատճառներից մեկը, որ ամբողջ աշխարհում Կովիդով հիվանդացության սրընթաց աճի ֆոնին երեխաների շրջանում վարակվավածության ցուցանիշներն ավելի փոքր են, հիվանդության ասիմպտոմ՝ առանց ախտանիշների ընթացքը կարող է լինել։ Երեխան արտաքինից առողջ է թվում, COVID-19-ին բնորոշ ախտանիշներ չունի, ուստի անհանգստանալու կամ բժշկին դիմելու պատճառ ծնողները չեն տեսնում։ Հետևաբար, վարակվածության հերթական դեպքը չի արձանագրվում։ Բացի այդ, երեխաներն ու պատանիները, որպես կանոն, բավականին ամուր իմունային համակարգ ունեն, որը խոչընդոտում է վիրուսի արագ զարգացմանը։ Այդ պատճառով է, որ նրանք շատ ավելի թեթև են տանում Կովիդը։
Վերջերս գիտնականներն առաջ քաշեցին ևս մի թեզ․ երեխաները կորոնավիրուսից պաշտպանվում են բնածին ամուր իմունիտետի շնորհիվ։ Մասնագետներն այս ընթացքում քթի խոռոչը փակող լորձաթաղանթում հզոր իմունային բջիջներ հայտնաբերեցին։ Լորձաթաղանթը կազմված է էպիթելային, դենդրիտային բջիջներից ու մակրոֆագերից, որոնք իմունային համակարգի կարևոր տարրերից են։ Այս բջիջները պատված են հատուկ սպիտակուցներով՝ ռեցեպտորներով (ընկալիչ)։ Երբ դրանք օրգանիզմում հայտնաբերում են պաթոգենը՝ հարուցիչը, բջիջներին ազդակ են ուղարկում, ինչի արդյունքում օրգանիզմում սկսվում է ինտերֆերոն արտադրվել, որն էլ իմունային պատասխան է տալիս վիրուսին։
Մի խումբ մասնագետներ էլ եկել են եզրահանգման, որ երեխաների վերին շնչառական ուղիները «նախապես ակտիվացված են»՝ դիմադրելու համար նոր կորոնավիրուսին։ Շնչռական ուղիներում բազմաթիվ իմունային բջիջներ կան, որոնք «ճանաչում» են հիվանդության հարուցիչը։ Հետազոտությունների համաձայն, այդ հատկության շնորհիվ է երեխաների մոտ ակնթարթորեն ակտիվանում բնածին իմունիտետը․ արտադրվում են ինտերֆերոններ, որոնք կանգնեցնում են վարակի տարածումը։ Իսկ ահա մեծահասակների օրգանիզմում այդ բջիջները շատ ավելի քիչ են։ Վիրուսը «ճանաչելու», ներթափանցելիս դրան արձագանքելու համար օրգանիզմին 2 օր է պետք լինում, իսկ այդ ընթացքում հարուցիչը արագ բազմանում է, իսկ դրա դեմ պայքարելը՝ շատ ավելի դժվարանում։
Այս բացահայտումները մասնագետներին հիմք են տալիս ենթադրելու, որ վարակին դիմադրելու համար երեխաների օրգանիզմում մեծ քանակի հակամարմինների առկայությունը պարտադիր պայման չէ, ինչպես մեծերի դեպքում է։ Մանուկների օրգանիզմում այս խնդիրը լուծվում է լորձաթաղանթի իմունային բջիջների շնորհիվ։
Գիտական վերլուծությունները ցույց են տալիս նաև, որ առողջ երեխաների օրգանիզմում մեծ քանակի լիմֆոիդներ՝ իմունային համակարգի բջիջներ կան, որոնք կորոնավիրուսով վարակվելու դեպքում օգնում են հեշտ հաղթահարել այն։ Տարիքի հետ այդ բջիջները պակասում են։
Երեխաների շրջանում կորոնավիրուսով վարակվածության համեմատաբար փոքր ցուցանիշի մեկ այլ հավանական պատճառ էլ ACE2 ռեցեպտորների՝ ընկալիչների առկայությունն է օրգանիզմում։ SARS-CoV-2 վիրուսը մարդու օրգանիզմ է ներթափանցում օդակաթիլային ճանապարհով։ Հայտնվելով քթաըմպանի լորձաթաղանթի վրա՝ հարուցիչը միանում է ACE2 հատուկ ռեցեպտորներին, ինչից հետո վիրուսն սկսում է տարածվել ամբողջ մարմնով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաների մոտ ACE2 ընկալիչները շատ ավելի քիչ են, քան մեծերի օրգանիզմում, ուստի ավելի ցածր է հավանականությունը, որ վիրուսը կմնա օրգանիզմում, «կհարմարվի» ու կբազմանա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։