14/02/2022 12:12
Հայկական կողմի կորուստները, անհաջողությունների քաղաքական և ռազմական պատճառները. հայտնի է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի քննության առարկան
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանին ուղարկված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը.
«Ղեկավարվելով Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով՝ ներքոստորագրյալ պատգամավորներս միացել ենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) ստեղծելու առաջարկությանը։
Հանձնաժողովի քննության առարկան է՝
2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները:
Արձանագրված անհաջողությունների քաղաքական և ռազմական պատճառները և դրանց նպաստող պայմանները։
Պաշտպանության ոլորտի ղեկավարման և կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը։
Զինվորական ղեկավար մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը և համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին:
Ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն:
Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն:
Բանակցային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը։
Հանձնաժողովի իրավասության ոլորտն է՝
Պահանջել և ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվային և ոչ նորմատիվային ակտեր, հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, զեկուցագրեր, տեղեկանքներ, կոլեգիայի և ռազմական խորհրդի հաշվետվությունները, փաստաթղթերը, զեկուցագրերը և այլն (այդ թվում գաղտնիության ռեժիմ ունեցող)
Պահանջել համապատասխան քննչական մարմիններից պատերազմական գործողությունների ընթացքում հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների մասին տեղեկատվություն։
Անհրաժեշտության դեպքում հրավիրել քննչական մարմինների պաշտոնատար անձանց:
Հանձնաժողովի նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով քննիչ հանձնաժողովին վերապահված այլ լիազորություններ։
Հանձնաժողովի լիազորությունների ժամկետ սահմանվել է 6 ամիս»։
Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին:
Ըստ ընդդիմադիրների՝ «պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»: