14/02/2022 18:35
Քննիչ հանձնաժողովի խնդիրը պատերազմի թեման փակելն է. բավական կանխատեսելի արդյունքներ կլինեն. քաղտեխնոլոգ
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի խնդիրը պատերազմի թեման փակելն է՝ իշխանությանը ցանկալի քողի ներքո լեգիտիմացնելու դրա պատճառները, ընթացքը և և հետպատերազմյան զարգացումները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ եթե այս հանձնաժողովի ստեղծման իմաստը լիներ պատերազմի իրական պատճառների օբյեկտիվ քննությունը, հետագայում սխալների կրկնությունը բացառելը, ապա այն պետք է գլխավորեր ընդդիմությունը։
«Որովհետև շատ ավելի կարևոր է, թե հանրային ընկալման մեջ որքանով օբյեկտիվ է գնահատվում նմանօրինակ հանձնաժողովների աշխատանքը։ Այստեղ շատ կարևոր է ոչ այնքան ֆորմալ արձանագրումը, որքան ոչ ֆորմալ արձանագրումը, որպեսզի հասարակության մի զգալի հատվածի մոտ վստահություն լինի, որ իսկապես քննություն է տեղի ունեցել, և այն իսկապես օբյեկտիվ է եղել, ոչ թե քաղաքական կոնյուկտուրայից ելնելով։
Չեմ կարծում, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներները նման արդյունք են տալու։ Այնպես որ, կարծում եմ՝ այս հանձնաժոովի աշխատանքն իշխանության համար զուտ քաղաքական նպատակ ունի»,- ասաց Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ հանձնաժողովի քննության արդյունքում, մեծ հավանականությամբ, կնշանակվեն մեղավորներ։
«Ենթադրում եմ, որ մեղավորները չեն լինելու ներկայիս քաղաքական վերնախավից։ Ամենայն հավանականությամբ, կլինեն նախկինները՝ գումարած բանակը։ Չեմ կարծում, որ շատ ժամանակ է անցել՝ ինչ-որ դրվագներ մոռացության տալու համար։ Ինձ զուտ մտահոգում են հանձնաժողովի մեթոդոլոգիան և կառուցվածքը և բավական կանխատեսելի արդյունքները»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։ Ընդդիմադիր պատգամավորները լքել էին նիստը։
Խորհրդարանական ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։