14/02/2022 14:09
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախում իրականացվում են մեծածավալ ծրագրեր
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախում իրականացվում են մեծածավալ ծրագրեր, որոնք հետպատերազմյան իրողություններից ելնելով ընդգրկում են ինչպես բնակարանաշինության ոլորտը, այնպես էլ ճանապարհաշինական տարբեր նախագծեր։
Նախորդ շաբաթվա ընթացքում ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել են հանրապետության տարածքում մի շարք ակտիվ շինհարթակներ և տեղում ծանոթացել շինաշխատանքների ընթացքին։
Նախ նրանք այցելել են Ասկերանի շրջան, հետևել Հովսեփավան և Իվանյան համայնքների երեք նոր թաղամասերի կառուցման աշխատանքներին։ Այնուհետև շրջայց են կատարել մայրաքաղաքի տարբեր շինհրապարակներում (Առաքելյան, Տիգրան Մեծ, Թումանյան 82 փողոցների բազմաբնակարան շենքեր և Աջափնյակի ու Թումանյան փողոցի նոր թաղամասեր)։
Օրակարգում եղել է նաև ճանապարհաշինության ոլորտը։ Այց է կատարվել Մարտակերտի շրջան՝ Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ կառուցվող նոր ավտոճանապարհի շինարարական տեղամաս, իսկ Ասկերանի շրջանում՝ մայրուղուց դեպի Աստղաշեն բարեկարգվող ավտոճանապարհի հատված, որտեղ շինարարական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղում քննարկվել են աշխատանքների ընթացքին առնչվող և ավարտման ժամկետներին վերաբերող հարցեր։