14/02/2022 11:56
Գաղտնիության ամենաբարձր ռեժիմի պատկանող փաստաթղթերը հասանելի են լինելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին. Անդրանիկ Քոչարյան
Պաշտպանության ու անվտանգտության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ ընդդիմությունը պետք է մասնակցություն ունենար 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովում։
«Բայց իրենք, չգիտես՝ ինչու, այդպես էլ չկարողացան պատասխանել, թե չմասնակցության պատճառը որտեղ է, ասում են՝ «իշխանությունը տվեք մեզ, որ մենք մասնակցենք». այսպես չի լինում, արտահերթ ընտրություններով ժողովուրդը որոշել է՝ ով ինչ քաղաքական դաշտում պետք է տեղ զբաղեցնի», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանը։
Նա նշեց, թե գաղտնիության ամենաբարձր ռեժիմի պատկանող փաստաթղթերը հասանելի են լինելու հանձնաժողովին. «ո՞նց է ընդդիմությունը դրանից հրաժարվում»։
«Լավ, մեզ չեք սիրում, դուք ձե՞զ էլ չեք սիրում։ Ես երբեք մեր գործընկերներին այդպես ամոթխած վիճակում չէի տեսել», - նշեց Քոչարյանը։
Հանձնաժողովում հազարավոր փաստաթղթեր են ուսումնասիրվելու, իսկ ընդդիմությունը, Անդրանիկ Քոչարյանի կարծիքով, զրկվեց հատուկ կարծիք ձևավորելու իրավունքից։
Հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված կլինեն նաև զոհված զինծառայողների ծնողները։
«Թող գան, նստեն ու տեսնեն՝ ոնց ենք աշխատում. վատ աշխատենք, թող տան, մեր գլուխը ջարդեն», - հայտարարեց Քոչարյանը։