14/02/2022 19:00
Աշխատավայրում սեղաններին գերադասելի է ունենալ ոչ թե կտրտած մրգով, այլ տարատեսակ բանջարեղենով ափսե. խորհուրդ սննդաբանից (Մաս 2)
Սննդաբան Գայանե Շահխաթունու հետ զրույցում Aysor.am-ն այս անգամ անդրադարձել է աշխատավայրում օրվա ընթացքում ճիշտ սնվելու կանոններին։
Նրա խոսքով՝ եթե մարդն աշխատավայրում օրվա ընթացքում սնվում է միայն մեկ անգամ, չի կարող երեկոյան՝ տուն վերադառնալիս, չկորցնել չափի զգացողությունը և չափից շատ չուտել։
«Օրգանիզմը նման սթրեսային վիճակի չի կարելի հասցնել։ Եթե դուք ժամանակ չունեք նստելու և դանակ-պատառաքաղով ճաշելու, ապա լավ կլինի աշխատավայրում ունենալ առանց շաքարի յոգուրտ, կեֆիր, ընկույզ, նուշ, պնդուկ և մի քիչ չիր։ Աշխատավայրում օրը պետք է բաժանել 2.5-3 ժամերի հավասարաչափ հատվածների և այդ միջակայքերում թվարկած թեթև ուտելիքներով սնվել, որպեսզի երբ գա ընթրիքի ժամը, գայլի ախորժակ չունենաք։
Որովհետև, երբ մարդն օրվա ընթացքում սնվում է մեկ անգամ, օրգանիզմը դա ընկալում է ճգնաժամային իրավիճակ և կարծում, որ այլևս սնվելու պաշար չունեք։ Այդ ժամանակ գործի է դրվում պահպանման մեխանիզմով կուտակման գործընթացը։ Օրգանիզմը կարծում է, որ կարող է սով լինել և իր համար պաշար է կուտակում։
Դրա համար է պետք է ուտել շուտ-շուտ և քիչ-քիչ, ընդ որում՝ այնպիսի սննդատեսակներ, որնցից ճարպ չի անջատվում՝ չիայի սերմով մածուն, չրեր, շոկոլադ, այսինքն՝ թեթև բաներ, որնք, հաստատ, կկշտացնեն ձեզ», - ասաց Գայանե Շահխաթունին։
Որպես օրը ճիշտ սկսելու օրինակ՝ սննդաբանը խորհուրդ տվեց նախաճաշին ուտել մեկ խաշած ձու, մի փոքր կարագ և պանիր, այնուհետև կեսօրին աշխատավայրում առողջ և օգտակար որևէ բանով սնվել։
«Ինչ վերաբերում է մրգերին, ապա այստեղ պետք է բավական զգույշ լինել։ Շատ անգամ կարծում են, որ միրգն ընդամենը «ջուր» է և այն կարող է ուտելու ակտը լրացնող միջոց լինել։ Բայց միրգն իրենով գլյուկոզա է։ Եթե մարդն ունի քաղց և այդ ժամանակ միրգ է ընդունում, այսինքն՝ ստամոքսում առաջինը գյուկոզա՝ ածխաջուր է հայտնվում, ինսուլինի քանակը օրգանիզմում կտրուկ բարձրանում է, և մարդն ավելի շատ է սովածութուն զգում։ Իսկ ինսուլինի քանակի բարձրացման դեպքում մարդը ոչ միայն չի նիհարում, այլ նաև գիրանում է, այսինքն՝ մրգով սովը ոչ միայն չի կանխվում, այլև առաջանում է իրավիճակ, երբ մարդը գիրանում է», - նշեց Գայանե Շահխաթունին։
Սննդաբանը խորհուրդ տվեց հատկապես քաղցր մրգերի քանակն օրվա ընթացքում նվազագույնի հասցնել՝ փոխարենը նախապատվությունը տալով բանջարեղեններին։
Մասնավորապես, աշխատավայրում սեղաններին գերադասելի է ունենալ ոչ թե կտրտած մրգով, այլ տարատեսակ բանջարեղենով ափսե՝ վարունգ, պղպեղ, թեթևակի խաշած բրոկոլի, գազար, նեխուրի արմատներ, հազարի թերթիկներ և այլն։
«Մրգերի մեջ բջջանքը շատ քիչ՝մոտ 10-15 տոկոս է կազմում, այն դեպքում, երբ գլյուկոզան մոտ 80 տոկոս է։ Բանջարեղենների պարագայում հակառակն է՝ այստեղ բջջանքը շատ մեծ տոկոս է կազմում։ Այնպես որ, եթե կարողանաք միրգ ուտելու սովորությունը փոխարինել բանջարեղեն ուտելու սովորությամբ, բոլոր առումներով շատ կշահեք», - ամփոփեց Գայանե Շահխաթունին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։